Օբյեկտիվ արձագանքը ժողովրդավարության ցուցիչ է

Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը բռնություն էր կիրառել անչափահասի նկատմամբ։ Բռնության տեսանյութի հրապարակումից հետո հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ, ինչը, բնականաբար, օբյեկտիվ է։ Ցանկացած պաշտոնյա, ով դիմում է բռնության՝ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։

Այս միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո, որոշ շրջանակներ սկսեցին հայտարարել, թե իբր Հայաստանում ժողովրդավարություն չկա, Հայաստանում տիրում է բռնության մթնոլորտ և նման այլ հայտարարություններ։

Ամենևին միտք չունենալով արդարացնել այս բռնությունը, պետք է նշեմ, որ բռնության դեպքեր արձանագրվում են գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներում, նույնիսկ այնպիսի երկրներում, որոնք համարվում են ժողովրդավարության բաստիոն։ Իրականում դժվար է նույնիսկ կայացած ժողովրդավարության դեպքում բացառել նման տհաճ միջադեպերը։ Սակայն, ժողովրդավարության ուժն այն է, երբ բռնության ցանկացած դեպք չի մնում անպատիժ, երբ նման միջադեպերը ոչ թե կոծկվում են, կամ մոռացվում, այլ հանրային ճնշմամբ արդարադատություն է իրականացվում նույնիսկ այն դեպքում, երբ համակարգը փորձում է կոծկել այն։

Վերջին միջադեպը ցույց տվեց, որ եթե սկզբից փորձ արվեց գործին բավարար ընթացք չտալ, որովհետև պաշտոնյան իբր զղջացել է, ապա հանրային դժգության ալիքը ստիպեց, որպեսզի 16-ամյա տղային ծեծի ենթարկած ՆԳՆ Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանի լիազորությունները կասեցվեն և գործն ուղարկվի դատախազություն։

Հայաստանում նախկինում նման և նույնիսկ ողբերգական ավարտով միջադեպեր են տեղի ունեցել։ Եղել են դեպքեր, երբ մարդուն սպանել են զուգարանում, կամ ոստիկանությունում խոշտանգել են, իսկ հետո պատուհանից ցած նետել, իսկ մեղավորները մնացել են անպատիժ։ Բռնություն կիրառողները մնում էին անպատիժ՝ նույնիսկ այն դեպքում, երբ հանրությունը պահանջում էր արդարադատություն։

Դիլիջանի դեպքին հաջորդած իրադարձությունները խոսում են ոչ թե ժողովրդավարության բացակայության, այլ հակառակը ժողովրդավարության առկայության մասին է։ Իրավապահ համակարգը ենթարկվեց քաղաքացիների օբյեկտիվ պահանջին։ Եվ հիմա կարևոր է, որպեսզի հանրությունը հետևողական, իսկ իշխանությունն էլ հետամուտ լինի, որպեսզի այս միջադեպի մեղավորը, կամ մեղավորներն անպատիժ չմնան։

Իշխանության առանձին ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել միջադեպը դատապարտող բավական խիստ հայտարարություններով և նշել են, որ հետամուտ են լինելու, որպեսզի մեղավորն արժանի պատիժ ստանա։

Հայաստանում ժողովրդավարությունը գերակա արժեք է և նման միջադեպերի նկատմամբ հանրության և իշխանության քայլերից է երևալու ժողովրդավարության իրական ուժը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ