Արյան պարզ անալիզով հնարավոր կլինի ախտորոշել քաղցկեղի 50 տեսակ. ինչ է հայտնի նորագույն մեթոդի փորձարկումների մասին

Քաղցկեղը կարող է հայտնաբերվել չափազանց հեշտ և արագ տարբերակով. ախտորոշման համար արյան ստուգման մեթոդի փորձարկումները խոստումնալից արդյունքներ են ցույց տվել՝ ըստ նախագծի վրա աշխատող բրիտանացի և ամերիկացի գիտնականների խմբի, հայտնում է BBC-ն:

Նոր մշակման մասին հայտարարվել էր 3 տարի առաջ՝ 2020 թվականի գարնանը։ Արյան ամենապարզ անալիզով գիտնականները հույս ունեն վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղի ավելի քան 50 տեսակ՝ նախքան ախտանիշների ի հայտ գալը:

Լայնածավալ փորձարկումները սկսվել են 2021 թվականին Բրիտանիայում և ԱՄՆ-ում։

Ինչ արդյունքներ կան

Բրիտանացի գիտնականները հայտնում են, որ Անգլիայում և Ուելսում կասկածելի ախտանիշներով ընդհանուր բժիշկների կողմից ստուգված հինգ հազար մարդկանց մեջ թեստը ճշգրիտ հայտնաբերել է քաղցկեղը յուրաքանչյուր երեք փորձարկումից երկու դեպքում: Դեպքերի 85%-ում նաև ճիշտ է տեղորոշվել ուռուցքի տեղակայումը:

Թեստի մեխանիզմը, որը ստացել է «Պատկերասրահ» անվանումը, կայանում է նրանում, որ այն փնտրում է քիմիական փոփոխությունների նշաններ, որոնք ուռուցքից անցնում են արյան գենետիկ կոդի մեջ՝ ԴՆԹ-ի:

Գիտնականներն ընդգծում են, որ տեխնիկայի վրա աշխատանքը դեռ ավարտված չէ, սակայն թեստավորման առաջին փուլից հետո կարելի է պնդել, որ փրկված հիվանդների թիվը միանշանակ կավելանա։ Թեստը կթեթևացնի նաև այն երկրների առողջապահական համակարգերի բեռը, որտեղ այն կկիրառվի։

Օրինակ՝ Օքսֆորդի համալսարանի գիտնականներն ասում են, որ այս պահին այն հիվանդը, ով դիմել է բժշկի՝ օրինակ քաշի կորստի խնդրով, պետք է համապարփակ հետազոտություն անցնի և մի շարք թեստեր՝ պարզելու իր վիճակի պատճառները։

Գիտնականները հույս ունեն, որ շուտով «Պատկերասրահ»-ի օգնությամբ հնարավոր կլինի արագ վերացնել տարատեսակ ախտանիշների ամենավտանգավոր պատճառը։ Թեև թեստի բացասական արդյունքը ներկայումս 100% երաշխիք չէ, որ մարմինը զերծ է հիվանդությունից, սիմպտոմատիկ թեստի մասնակիցների 2,5%-ը, որոնց թեստերը չեն հայտնաբերել քաղցկեղ, հետագայում հայտնաբերվել են սովորական ախտորոշիչ սկանավորման և բիոպսիայի միջոցով:

«Պատկերասրահ»-ի մշակողները այս սխալի վերացումը իրենց առաջնահերթությունն են անվանում նախագծի հետագա աշխատանքում։

Արագ կախտորոշվեն քաղցկեղի ամենավտանգավոր ու ամենաբարդ տեսակները

Թեստը հատկապես արդյունավետ է դժվար ախտորոշվող քաղցկեղի տեսակների հայտնաբերման համար, ինչպիսիք են գլխի և պարանոցի, հաստ աղիքի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի և կոկորդի քաղցկեղը:

Թեստի առաջին արդյունքները կամփոփվեն առանձին զեկույցում ավելի ուշ, սակայն գիտնականներն արդեն խոսում են հաջողության մասին։

Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգը նախատեսում է ընդլայնել մեթոդի փորձարկումները ևս մեկ միլիոն մարդու համար 2024 և 2025 թվականներին:

«Քաղցկեղի վաղ հայտնաբերումը կենսական նշանակություն ունի, և այս թեստը կարող է օգնել մեզ ավելի շատ քաղցկեղ հայտնաբերել ավելի վաղ փուլում և օգնել փրկել հազարավոր կյանքեր», — ասել է համակարգի քաղցկեղային ախտորոշման գլխավոր պրոֆեսոր Փիթեր Ջոնսոնը:

Մեթոդի մշակումն ու հետազոտությունն իրականացվում է Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի և Հարվարդի բժշկական դպրոցի մի խումբ ամերիկացի գիտնականների կողմից՝ Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի և Լոնդոնի համալսարանական քոլեջի բրիտանացի գիտնականների հետ համատեղ: Դրանց արդյունքները հրապարակված են Annals of Oncology ակադեմիական ամսագրում, Oxford University Press-ում:

Նախագիծը ֆինանսավորվում է Grail-ի՝ Սիլիկոնյան հովտի ստարտափի կողմից, որի ներդրողների թվում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ