Երևանում գործարկվել է նոր՝ 100 համարի ավտոբուսը, որը ապահովելու է կապը Ֆրանսիայի հրապարակից դեպի Զվարթնոց օդանավակայան և հակառակ ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի երեկ տարածած հաղորդագրության մեջ, սակայն, հիշատակված չէր, թե ինչ հաճախականությամբ է այն աշխատելու, 24 ժա՞մ է գործելու, թե՞ ոչ, և նմանատիպ այլ մանրամասներ: Ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրումը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը:
Քաղաքացիների բարձրացրած հարցերի և ոչ միայն դրանց շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ: Նրա խոսքով՝ ավտոբուն աշխատելու է առավոտ 07:00-ից մինչև երեկոյան 22:00-ն, 45 րոպե տևողությամբ՝ չբացառելով, որ այն գուցե դառնա քսանչորսժամյա: Գինը 300 դրամ է: «Ավտոբուսներում դրված են դրամային արկղեր, որը միայն 100 դրամանոց է ընդունում: Առաջիկայում դրա մեջ վալիդատոր (սարք, որով հնարավոր է քարտային վճար կատարել) կտեղադրվի, որ օտարերկրյա ուղևորները, անկախ իրենց դրամական միջոցներից, բանկային քարտով նույնպես հնարավորություն ունենան վճարելու»,- ասում է քաղաքային իշխանության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ մոտ օրերս էլ մեկ ավտոբուսում փորձնական տեղադրվելու է մանրադրամը հետ վերադարձնող սարք: «Վարորդի ձեռքը էլ գումար չի գնա: Շատ դեպքերում ուղևորներն անգամ 100 դրամանոց ունենալու դեպքում տալիս են վարորդին՝ համապատասխան դրամարկղը գցելու փոխարեն, ինչը շատ սխալ է, և մենք գնում ենք այն ճանապարհով, որ մանրադրամը ևս ավտոմատացված լինի»,- ասում է նա:
Դիտարկմանը՝ ուղևորները դժգոհում են ուղեվարձի արժեքից, մանավանդ այն մարդիկ, որոնք ամեն օր են օգտվելու, վերջինս ասում է. «Այդ մասով բան չեմ կարող ասել՝ թա՞նկ է, թե՞ էժան, բայց, ամեն դեպքում, այսպես թե այնպես օդանավակայան գնացող ավտոբուսները միշտ էլ տարբերվել են սովորական քաղաքային ավտոբուսներից: Եթե հետ գնանք խորհրդային ժամանակներ, այն ժամանակ նույնպես Օպերայի խաչմերուկից 107 համարի ավտոբուսն էր գնում օդանավակայն, որի ուղեվարձը 15, թե 20 կոպեկ էր, այն դեպքում, երբ հանրային տրանսպորտն անվճար էր»:
Հարցին՝ քաղաքացիների շրջանում կա նաև դժգոհություն նստատեղերի փոքր և անհարմար լինելու հետ կապված, «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը նկատում է՝ ավտոբուսները եվրոպական չափանիշներով են, ու այնպես չէ, որ միայն Հայաստանում են ներդրվել: «Աշխարհով մեկ են դրանք, գերմանական են, և բոլոր նստատեղերը հարմարեցված են քաղաքային տրանսպորտի պայմաններին և պահանջներին»,- ընդգծում է նա:
Մանուկյանի վստահեցմամբ՝ այս երթուղու ավտոբեսները սպասարկող վարորդներին բծախնդրորեն են ընտրել. «Վարորդները կոկիկ են, համազգեստով: Հատուկ ընտրել ենք այնպիսի վարորդների, որոնք օտար լեզուների նույնպես տիրապետում են՝ անգլերեն, իսպաներեն, պարսկերեն, ռուսերեն, և զբոսաշրջիկներն այս առումով ևս անհարմարություններ չեն ունենա»:
Ըստ Հովհաննես Մանուկյանի՝ հնարավոր է՝ հետագայում ավտոբուսի երթուղին փոփոխվի և ընդլայնվի. «Իմ նպատակն է եղել այս երթուղին ներդնել, բայց Ֆրանսիայի հրապարակից շարժվելն այդքան էլ իմ սրտով չէ, որովհետև ամբողջ Մաշտոցի պողոտայում ունենք երեք կանգառ, հետո Իսակովի պողոտա ենք մտնում, որը շատ բնակեցված չէ, որից հետո արդեն հասնում ենք օդանավակայան: Ֆրանսիայի հրապարակը, որը այս պահի դրությամբ սկզբնակետ է, ենթակա է փոփոխման»:
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենն այս երթուղու համար ևս մեկ առավելություն է առանձնացնում. այն որոշ չափով լուծելու է Փարաքար համայնքում եղած հանրային տրանսպորտի սղության խնդիրը:
Փարաքարի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանը ևս կարծում է, որ երթուղին ինչ-որ չափով կօգնի բնակիչների տեղաշարժի խնդիրը լուծելուն, բայց ամեն դեպքում դեռ բավարար չէ՝ ամբողջությամբ խնդիրը լուծված համարելու համար:
«Ժողովրդի և մեր կողմից մեծ անհանգստություն կա, որովհետև մենք չենք կարողանում ամբողջությամբ ապահովել բնակիչների ազատ տեղաշարժը: Այս պահին գործող 37 համարի երթուղու խնդիրը նրանում է, որ ժամային միջակայքերն են բավականին երկար, ինչը շատ հաճախ մյուս բնակիչներին հնարավորություն չի տալիս օգտվել տրանսպորտից գերծանրաբեռնված լինելու պատճառով: Իհարկե, ես դա անմիջականորեն կապում եմ մեքենաների պակասի հետ: Կարծում եմ՝ դրա լուծումը մեքենաների ավելացումն ու ժամային միջակայքերի փոքրացնելն է»,- ասում է Փարաքարի փոխհամայնքապետը:
Սարիբեկյանի խոսքով՝ ցանկալի է, որ համայնքում հնարավորինս շատ նոր երթուղիներ բացվեն. «Որովհետև մենք ունենք Արևաշատ բնակավայր, որը այսօրվա իրականության մեջ փաստացի մեկուսացած է, և մարդիկ տեղաշարժվում են սեփական կամ համագյուղացիների մեքենաներով՝ մինչև հասնում են մայրուղի: Սա միայն համայնքի ուժերով կարգավորելը փոքր-ինչ դժվար է, դրա համար ակնկալում ենք պետական գերատեսչության աջակցություն»: