Նման ամոթալի միջադեպերը և հենց այս մեկը բարոյական կոդեքսի կիրառության բացակայության վառ օրինակ են. Քոչարյան

«Սույն թվականի հունիսի 1-ին ամբողջ համացանցում տարածված տեսանյութը, որում արտացոլված միջադեպը փաստորեն տեղի էր ունեցել դեռևս ապրիլի 10-ին և ստացել ոչ պատշաճ իրավական ընթացք, փաստում է մի բանի մասին՝ անպատժելիության գերակայությունը հանգեցնում է նման խայտառակ արդյունքների»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի օրենքի գերակայության երկիր, որի առաջ կհավասարվեն բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, պաշտոնից, դիրքից:

«Նշեմ նաև, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ զինվորականի բարոյական կոդեքսի» մշակման աշխատանքների շրջանակներում, քննարկման փաթեթներն ուղարկվել են նաև բոլոր ուժային կառույցներին՝ հետադարձ կապի և ակտիվ մասնակցության ակնկալիքով, քանի որ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ արժեհամակարգը ոչ միայն գերակա պետք է լինի Զինված ուժերում, այլև ուժային բոլոր կառույցներում, համազգեստ կրող յուրաքանչյուր մարդու առօրյայում և ի վերջո կրի համազգային բնույթ:

Միայն այդպես կարող է ձևավորվել փոխադարձ վստահության և համազգային համերաշխության կայուն մթնոլորտ: Նման ամոթալի միջադեպերը և հենց այս միջադեպը բարոյական կոդեքսի և վերջինիս կիրառության բացակայության ևս մեկ վառ օրինակ են: Ուժային կառույցների իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել ավելի զգոն և խիստ՝ հատկապես կադրային քաղաքականության և վերջինիս ընտրության հարցում՝ առաջնահերթությունը տալով ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ , ապա՝ մասնագիտական որակներին»,-նշել է Քոչարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ը երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:
Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:

Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու համար Դիլիջանի քրեականի պետին ձերբակալելու որոշում է կայացվել:

Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթազյանը այսօր ձերբակալվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ