Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը ձերբակալվել է

Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթազյանը ձերբակալվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Առաջիկայում նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:

ՀՀ դատախազությունն այսօր հայտնել էր, որ դատախազի որոշմամբ՝ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ:

Որոշում է կայացվել նրան ձերբակալելու և կալանքը որպես խափանման միջոց միջնորդություն ներկայացնելու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ը երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:
Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:

Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու համար Դիլիջանի քրեականի պետին ձերբակալելու որոշում է կայացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ