Հայաստանի խնդիրն է արտաքին պատասխանատուների շրջանակը բազմազանեցնելը, որպեսզի պատասխանատվության հարցը չդարձնեն մանիպուլյացիաների առարկա՝ իրենց խնդիրները լուծելու համար․ Հակոբ Բադալյան

Երեկ Մոլդովայում կայացավ հնգակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայով։

Հանդիպումից հետո եղան նաև հայտարարություններ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի՝
հանդիպումից հետո արված հայտարարությանը՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը
չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։

«Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ազդեցություն չի ունենում Ադրբեջանի և
Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Նշենք, որ հանդիպումից հետո Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել
Մակրոնը կոչ է արելզերծ մնալ թշնամական ցանկացած հռետորաբանությունից և շեշտել խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերըշարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։

Հարկ է ընդգծել, որ ֆրանսիական կողմի հայտարարությունում նշված են միայն այն թեմաները, որոնց մասին քննարկումներ են եղել և կողմերի դիրքորոշումների մասին ոչինչ չկա տեքստում; Այդ դեպքում ի՞նչն է խնդիր Ադրբեջանի տեսանկյունից։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ենթադրում է, որ Ադրբեջանը դժգոհ է նրանից, որ հայտարարության մեջ նշվել է, որ քննարկվել է նաև Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների մասին կետը և բաց է մնացել այն հատվածը, թե ինչ դիրքորոշում է հայտնել Ալիևը սրա հետ կապված։

Ըստ քաղաքագետի, ֆրանսիական կողմը փորձում է անել շեշտադրումներ, որոնք ընդունելի կլինեն հայ հասարակության համար։
«Իհարկե այստեղ կա նաև Բաքվի ներքին սպառման հանգամանքը։ Այսինքն՝ Ադրբեջանն էլ իր հասարակությանը պետք է ցույց տա, որ այդտեղ որևէ զիջումների չի գնում և այլն», — ասաց Բադալյանը։

Արդյոք Բաքվի արձագանքը պայմանավորվա՞ծ է նաև նրանով, որ կարողանա առաջիկայում Ֆրանսիային դուրս թողնել հետագա մասնակցությունից այս բանակցություններում, ինչը մեկ անգամ Ադրբեջանն արդեն արել է, երբ հրաժարվեց քառակողմ հանդիպումից, որին պետք է Շառլ Միշելի հետ մեկտեղ մասնակցեր նաև Էմանուել Մակրոնը։ Հակոբ Բադալյանը նշեց, որ Ֆրանսիան շահագրգռված է այս ձևաչափում ներկա լինելու հարցում, և դրանում հաջողելու համար Փարիզը պետք է փորձի երևալ հավասարակշռված դիրքերից։

«Դրա համար մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք ականջահաճո են մեզ համար, և հետո նաև ինչ-որ հայտարարություններ են արվում, որոնք ավելի հավասարակշռված են և ցույց են տալիս, որ Ֆրանսիան պատրաստ է լինել միջնորդ և բալանսավորված մոտեցում ունենալ», — ասաց Հակոբ Բադալյանը և նշեց, որ Ադրբեջանն իր այդ մեղադրանքներով փորձում է նաև իր գինը բարձրացնել։

Անդրադառնալով Վաշինգտոնի և ԵՄ հայտարարությունների տարբերություններին, Հակոբ Բադալյանը նշեց, որ ամերիկյան կողմը շատ ավելի լայն ռազմավարությամբ է խաղում Կովկասում, այդ խաղի շատ ավելի լայն հնարավորություններ ունի։

«Ամերիկյան դիրքորոշման մեջ ես նորություն չեմ տեսնում։ Վաշինգտոնը Ադրբեջանի հետ սերտ գործակցում է, և էդ գործակցության ռազմավարական բնույթը արձանագրում է շատ վաղուց։ Այսինքն՝ այդ հարցում իր դիրքորոշումը առանձնակի չի էլ տարբերվում այլ խաղացողների դիրքրոշումներից։ Շատ թե քիչ տարբերություն տեսնում ենք Ֆրանսիայի դեպքում, որը երբեմն- երբեմն հայամետ դիրքորոշումներ է հայտնում։ Եվ դրանք ավելի շատ հնչում են այն ժամանակ, երբ Ֆրանսիան տեսնում է խաղից դուրս մնալու վտանգ և այդ կերպ փորձում է ցույց տալ, որ եթե Ֆրանսիան մղվի լուսանցք, ապա կարող է այսպիսի միակողմանի դիրքորոշումներով ինչ-որ կերպ փորձել իրացնել իր քաղաքական ներուժը», — ասաց քաղաքագետը։

Միաժամանակ, Հակոբ Բադալյանի համար տարօրինակ է Վաշինգտոնի կողմից Ադրբեջանի՝ արցախցի պաշտոնյաներին համաներում տալու մասին հայտարարությունը ողջունելը, որովհետև Ալիևը ոչ թե համաներման մասին էր խոսել, այլ սպառանլիք էր հնչեցրել Արցախին։ «Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները կա՛մ ողջունում է այդ սպառնալիքը, կա՛մ այնքան լայն է նայում իրավիճակին, որ մեծ հաշվով ուշադրություն էլ չի դարձրել Ալիևի խոսքերին և էդտեղից վերցրել է իր համար կարևոր համարվող համաներում բառը և հայտարարում է էդ մասին», — ասաց Հակոբ Բադալյանն ու ավելացրեց, որ կարևոր էր հայկական կողմի արձագանքը այս հայտարարությանը, որը եղավ։

Երևանի կողմից այս արձագանքը նշանակում է, որ եթե ողջունում եք Ալիևի սպառնալիքը, ապա պետք է հասկանաք, որ պատասխանատվություն եք ստանձնում այդ սպառնալիքի իրականացման որևէ զարգացման ուղղությամբ։

«Տարբեր անգամներ ասել եմ, որ եթե աշխարհաքաղաքական այս մեծ դիմակայության պայմաններում Կովկասում զարգացումների համար պատասխանատվությունը մնում է մի սուբյեկտի վրա, ապա դա բերում է շատ վտանգավոր իրավիճակի, և Հայաստանի խնդիրն է էդ արտաքին պատասխանատուների շրջանակը բազմազանեցնելը, որպեսզի էդ պատասխանատվության հարցը նրանք չդարձնեն մանիպուլյացիաների առարկա իրենց խնդիրները լուծելու համար», — ասաց Հակոբ Բադալյանը։

Խաղաղության պայմանագրից բացի, առանձին ձևաչափով քննարկվում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ Հնարավո՞ր է այդ ձևաչափում հասնել որոշ արդյունքների՝ առանց խաղաղության պայմանագրի կնքման։

Հակոբ Բադալյանը գործնական առաջընթացի հնարավորություն այս հարցում չի տեսնում, և իր գնահատմամբ այս ուղղությունը հակամարտող կողմերի համար դիտարկվում է որպես տակտիկական առավել մեծ խաղի դաշտ։ Ըստ Բադալյանի, նույնիսկ եթե գրավոր ինչ-որ համաձայնություններ լինեն, ապա դրանք իրագործելու համար երկար ճանապարհ կլինի անցնելու։ Այս հարցում, քաղաքագետի կարծիքով, նաև միջնորդների միջև կան անհամաձայնություններ։

«Թվում է թե դրանք դետալային հարցեր են, բայց էական նշանակություն ունեն և գործնական առաջընթացի հնարավորություն չկա», — եզրափակեց Բադալյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ