Որևէ մեկը տիկին Հովհաննիսյանին աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջ չի ներկայացրել, որքանով ինքն է տեղեկացրել վարչական շրջանի ղեկավարին՝ իր դիմումը կապված է իր քաղաքական հայացքների հետ

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 44-օրյա պատերազմի օրերին ԱԱԾ տնօրենի ժ/պ, ակտիվ ֆեյսբուքցի Միքայել Համբարձումյանը, որը պաշտոնը թողնելուց հետո նաև ակտիվ հասարակական («Պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիրն է ), ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվում՝ անկաշկանդ քննադատելով այն իշխանությանը, որի օրոք բարձր պաշտոններ է զբաղեցրել, նախօրեին ֆեյսբուքյան իր էջում «գուժել» էր իր ընտանիքի հետ կապված միջադեպի մասին։

«Ստորև նկարագրվող իրավիճակին, վստահ եմ, բախվել են հազարավոր մարդիկ կամ մտավախություն ունեն, որ փոքր-ինչ անհնազանդության, անհամաձայնության դեպքում կարող են բախվել՝ կորցնելով աշխատանքը, եկամտի աղբյուրը, ինչը, անխոս, անչափ կարևոր ու ցավալի է յուրաքանչյուր մարդու համար, հատկապես՝ Հայաստանի նման երկրի պայմաններում, երբ ամեն ինչ կենտրոնացված է իշխանության ձեռքում»,- բարոյախրատական ներածական խոսքում ազդարարել էր Համբարձումյանը՝ հավելելով․ «․․․Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում ընդգրկվելուս փաստը, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տվածս հարցազրույցը իշխանական շրջանակներում խորացրել է դժգոհությունն անձիս նկատմամբ և, որպես հետևանք, մեսիջ` այս երկու օրվա ընթացքում կնոջս պարտադրվեց առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի աշխատանքից ազատվել, որի հետևանքով որդիս էլ, չհանդուրժելով մոր նկատմամբ անարդար վերաբերմունքը, հեռացավ ԱԱԾ-ից, չնայած չէր լրացել համակարգում նրա պարտադիր ծառայության հինգ տարին։

․․․Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն, որը չի կարող բարոյական և իրավական հետևանքներ չունենալ թեկուզ ապագայում: Եթե այսպես վարվում են իմ ընտանիքի հետ, ապա, պատկերացրեք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շուրջ: Ինձ համար ամենից ցավալին կլինի, եթե հաստատվեն տվյալները, որ ստիպողական այս գործընթացին առնչվել է նաև ԱԱԾ-ն, քանի որ ընտանիքի անդամների նկատմամբ նման ոտնձգությունն աննախադեպ է և ակնհայտ կրում է անձնավորված բնույթ»:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անվան հետ կապվող կայքը, բնականաբար, անարձագանք չէր թողել նման «սկանդալային» գրառումն ու զրուցել էր Համբարձումյանի տիկնոջ՝ Արաբկիր վարչական շրջանի «N 28 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հեղինե Հովհաննիսյանի հետ։ Տիկինը, որը հիշյալ պաշտոնում նշանակվել է 2016-ին, պատմել էր, թե «այս տարիների ընթացքում ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է երեխաների դաստիարակությունը, խնամքը, ուսուցումը հոգևոր-կրթական, հայրենասիրական պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»: Փաստորեն, ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների բարեխիղճ կատարումը ոչ թե նորմա է, այլ՝ բացառիկ մի երևույթ, և տիկինը որոշել է այդ մասին հայտնել որպես իր կողմից կատարված մեծագույն քաջագործություն։

«Հաստատությունը բոլոր միջոցներով զերծ եմ պահել հնարավոր կոռուպցիոն երևույթներից, ինչպես նաև քաղաքական քարոզչությունից, չի եղել գեթ մեկ դեպք, որ իմ վերաբերյալ արատավոր կասկածներ շրջանառվեն կամ հաստատությունը ծառայեցվի իմ անձին կամ իմ աշխատանքը դրական չգնահատվի անմիջական ղեկավարությանս և քաղաքային իշխանությունների կողմից»,- շարունակել է ինքն իրեն գնահատել ՀՈԱԿ-ի տնօրենը։

Ինչ է հետաքրքիր՝ Հովհաննիսյանի հետ համայնքապետարանը 27.09.22թ. վերակնքել է աշխատանքային նոր պայմանագիր, ինչը, ինչպես տիկնոջ խոսքը հրապարակած կայքն է գրել, վկայում է, որ «ինքը պատրաստ է եղել նույն նվիրումով շարունակել աշխատանքը»: «Սակայն երկու օր առաջ իմ առջև առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի, ամենայն հավանականությամբ ամուսնուս անձով պայմանավորված, խնդիր է դրվել սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, ինչին համաձայնվել եմ, քանի որ խորը գիտակցում ունեմ երկրում տիրող մթնոլորտի, ստեղծված իրավիճակի մասին: Ինքս այլևս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատել, որի համար էլ չեմ դիմում դատական պաշտպանության: Այս ամենով պայմանավորված` ԱԱԾ-ից ազատվելու դիմում է ներկայացրել նաև որդիս»։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք․ տիկինը «չէր բարձրաձայնի այս ամենի մասին, պարզապես վստահ է, իրականությունը ներկայացնելը կօգնի զերծ մնալ հնարավոր ասեկոսեներից, բամբասանքներից»:

Մինչդեռ, ինչպես civic.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը․ «Որևէ մեկը տիկին Հեղինե Հովհաննիսյանին աշխատանքից ազատման դիմում գրելու որևէ պահանջ չի ներկայացրել։ Աշխատանքային հարաբերությունների իմաստով երբևէ խնդիր իր հետ չի եղել։ Որքանով որ ինքն է տեղեկացրել վարչական շրջանի ղեկավարին՝ իր դիմումը կապված է իր քաղաքական հայացքների հետ։ Ընդամենը։ Այսինքն, ոչ թե իրեն է ազատման դիմում գրելու պահանջ ներկայացվել, այլ ինքն է նման որոշում կայացրել»,- պարզաբանեց Սարդարյանը։

Ինչն է հետաքրքիր․ Հովհաննիսյանը, փաստորեն, առանց այլևայլության, անխռով, անվրդով պաշտոնավարել է այս ընթացում, երբ իր ամուսինը պատերազմի ավարտից ժամանակ անց, լինելով ազգային անվտանգության հարցերին առնչվող հույժ կարևոր ինֆորմացիայի կրող պաշտոնյա, հրաժարական տալուց հետո սկսեց քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Համբարձումյանը, հիշեցնենք, 2021-ին միացել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և մի խումբ այլ զինվորականների հայտարարությանը, որով պահանջվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան այդ օրերին կայքերից մեկին հարցազրույց էր տվել և հարցին՝ «ի՞նչ կարծիքի եք Գլխավոր շտաբի տարածած հայտարարության վերա­բերյալ»՝ պատասխանել էր․ «Իմ դիրքորոշումը, կարծում եմ, գիտեք, ես 100 տոկոսով պաշտպա­նում եմ Օնիկ Գասպարյանի դիրքո­րոշումը, կիսում եմ նրա մտահո­գությունները ու համարում եմ, որ մեր երկրում տեղի ունեցող այս բոլոր իրա­դարձությունները պետք է շատ արագ հանգուցալուծում ստանան, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու»:

Փաստորեն, պետական հեղաշրջման փորձը «100 տոկոսով» պաշտպանած Համբարձումյանի կինն ու որդին շարունակել են աշխատել այդ նույն պետական ինստիտուտներում, նրանց, ինչպես ասում են՝ այսքանից հետո ոչ ոք ազատման դիմում չի պարտադրել՝ համապատասխանաբար ամուսնու և հոր քաղաքացիական դիրքորոշման համար (նախկին իշխանության օրոք ազգուտակով էին հեռացվում աշխատանքից ու ու հետապնդվում)։ Հեղինե Հովհաննիսյանն ու որդին՝ Վազգեն Համբարձումյանը, շարունակել են առանց որևէ խոչընդոտի պաշտոնավարել նաև այն դեպքում, երբ Միքայել Համբարձումյանն այս օրերին ակտիվ մասնակցում էր Դիմադրության շարժմանը, սելֆիներ անում ընդդիմադիր լիդերների հետ՝ մասնավորապես Արթուր Վանեցյանի, նրանց հետ կողք կողքի քայլում, հարցազրույցներ տալիս և այլն․․․Ավելին, այդ նույն Դիմադրության շարժման օրերին նրա կնոջ հետ իշխանությունը՝ ի դեմս համայնքապետարանի, աշխատանքային պայմանագիր է վերակնքում, այսինքն, ոչ մի խնդիր չի տեսնում, որ մանկապարտեզի տնօրենի ամուսինը միացել է իրեն նշանակողի դեմ պայքարին։

Եվ ահա, ամիսներ անց, նույն այդ իշխանությունը որոշում է Հովհաննիսյանի առաջ «առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի, ամենայն հավանականությամբ ամուսնու անձով պայմանավորված» պահանջ դնել՝ «սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից»։ Իսկ գուցե տիկինը, այնուամենայնիվ, բամբասանքներից խուսափելու համար ասի՞, թե որոնք են իր ասած «ոչ օբյեկտիվ հիմքերը»։ Չի ասում, գուցե այն պատճառով, որ իր ազատման միակ օբյեկտիվ հիմքը բացառապես իր սեփական որոշումն է։ Այդ օբյեկտիվ հիմքի մասին ակամա խոստովանում է նաև ինքը՝ նշելով, թե «խորը գիտակցում ունեմ երկրում տիրող մթնոլորտի, ստեղծված իրավիճակի մասին», «ինքս այլևս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատել, որի համար էլ չեմ դիմում դատական պաշտպանության»:

Ի դեպ, մենք ուսումնասիրեցինք տիկին Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը և ակնհայտ դարձավ, որ նա «Հայաստան» դաշինքի համակիրներից է։ Նա 2021 թ հունիսի 19-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին, իր ֆեյսբուքյան լուսանկարը «զարդարել» է «Հայաստան» դաշինքի լոգոյով ՝ այսպիսով իր ընկերներին ուղերձ հղելով՝ նախընտրում եմ «թիվ 24»-ը։ Նրա ֆեյսբուքյան էջը տնտղելուց հետո պարզեցինք նաև, որ «թուրքը» նաև ապաքաղաքական մարմնի՝ մսուր մանկապարտեզի տնօրենի «թշնամին» է։ Այս մասին է վկայում Հովհաննիսյանի էջում զետեղված իր ու ամուսնու համատեղ լուսանկարը, որի վրա «թուրքն իմ թշնամին» է լոգոն է։ Ինչ խոսք, ամեն ոք ունի իր քաղաքական, նաև՝ էթնիկական նախասիրություններն ազատ արտահայտելու իրավունք, ինչպես նաև զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրելու իրավունք, ինչից էլ, ըստ էության, օգտվել է տիկին Հովհաննիսյանը։

Ի դեպ, թերթերից մեկն ամիսներ առաջ գրել էր, թե իր տեղեկություններով, «Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել, և նրա ժամանակ առ ժամանակ ակտիվացումը տարբեր հարթակներում բխում է այդ նպատակներից»։ Գուցե Համբարձումյանի կնոջ ու որդու ազատումները նույնպե՞ս թելադրված են վերջինիս առաջիկա քաղաքական պլաններով, արհեստականորեն հրահրված սկանդալները, ինչպես գիտենք, հայտնիություն են ապահովում սկանդալին առնչություն ունեցողներին։

Ինչ վերաբերում է Համբարձումյանի որդուն՝ 27-ամյա Վազգեն Համբարձումյանին, նա 2019 թվականին ավարտել է ՌԴ անվտանգության դաշնության ծառայության ակադեմիան ու լեյտենանտի կոչումով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նշանակվել է քննիչ: Այն նույն դեպարտամենտում, որտեղ պաշտոնավարել էր հայրը, ապա՝ տեղափոխվել ու ղեկավարում էր ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը: Միքայել Համբարձումյանը, ի դեպ, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է մի գրառմամբ, որտեղ պարզաբանված են որդու գույքի և եկամուտների հայտարարագրում լրացված տվյալները։ Ըստ այդմ՝ 2022 թվականի փետրվարի 15-ին Վազգեն Համբարձումյանը «իր իսկ ցանկությամբ և ԱԱԾ ղեկավարության ընդառաջմամբ» տեղափոխվել է ԱԱԾ օպերատիվ
ստորաբաժանում, որտեղ ծառայությունը շարունակել է մինչև 2023 թվականի մայիսի 30-ը և ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ