ՀՀ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի մամլո ասուլիսի առնչությամբ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․ «Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։
Մինչդեռ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին, այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունը կծառայի որպես խրախուսում Ադրբեջանի նախագահին՝ շարունակելու ուժի հետագա կիրառումը և հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը։
Համարժեք արձագանքի բացակայությունը ծառայում է որպես վեճերի լուծման ժամանակ ուժի կիրառման պրակտիկայի նորմալացում, ինչը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներին: ՔՀԿ-ները կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը ակտիվացնել ջանքերը՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը, ներառյալ Ադրբեջանի կողմից կալանավորված բոլոր հայ գերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձմանը, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նշված է ՄՔԴ-ի որոշման մեջ»։
Ամբողջական հայտարարությունը՝ անգլերեն բաժնում։