«ՔԿ-ի մոտեցումներին չի համապատասխանում կայացված որոշումը։ Ես գիտեմ, որ հանրության շրջանում բացասական արձագանք է գտել դա, ու այդ առումով պատրաստ եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր այս դեպքով հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»:
Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով Դիլիջանի քրեականի պետի կողմից 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու աղմկահարույց գործին:
«Գործուն զղջալու հիմքով է քրեական պատասխանատվությունից ազատվել տեսանյութում երևացող անձը։ Պետք է նշեմ, որ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասությունը ՔԿ-ի լիազորությունների տիրույթից դուրս է, բայց, այնուամենայնիվ, որպեսզի պարզ լինեի, կուզեմ ներկայացնել ՔԿ-ի ու անձամբ իմ մոտեցումը այդպիսի երևույթներին։ Մարզային քննիչն է միջնորդություն ներկայացրել, ու, ընդհանուր առմամբ, Քննչական կոմիտեի մոտեցումներին հակասող մոտեցում է, դա մենք չենք ընդունում ու ընդհանուր մեր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ»,- նշեց Քյարամյանը՝ հավելելով, որ օրենքը տալիս է հնարավորություն, որ առաջին անգամ ոչ մեծ ու միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից։
Քյարամյանը հավելեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը նույնպես կիսում է այս տեսակետն ու վերադաս դատախազը հսկող դատախազի որոշումն արդեն իսկ վերացրել է։
«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ն երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:
Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:
Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Նշենք, որ տեսանյութը հանրության զգալի մասի շրջանում առաջացրել է խիստ զայրույթ, առավել ևս գործուն զղջալու հիմքով՝ քրեական հետապնդման կասեցումը: