Քիշնևում Ադրբեջանի, Հայաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի հնգակողմ հանդիպմանը հաջորդած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Ինչպես գիտեք, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո միակողմանի հայտարարությունը, որը հետագայում արեց Ֆրանսիայի նախագահը, չի արտացոլում կողմերի դիրքորոշումը և խեղաթյուրում է այն:
Ֆրանսիան առաջին անգամը չէ, որ դրսևորում է նման վարքագիծ, որը դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ գործընթացի, տարածաշրջանում խաղաղության ու կայունության վրա»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 1-ին, Քիշնևում անցկացվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: