Եթե համարում ենք, որ դրամի արժեզրկման դեպքում գազի սակագինը պետք է նվազի, ուրեմն հակառակն էլ պետք է լինի. տնտեսագետ

Օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի նախաձեռնի բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ-ի համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվազեցնելու համար։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը նկատում է՝ եթե պետությունն իջեցնում է որևէ ծառայության սակագին, ապա մատակարարող ընկերությունն էլ կարող է հրաժարվել որոշակի ծառայություններ մատուցելուց։

«Ամեն ինչ հնարավոր է անել, սակագինը որոշում է պետությունը, ՀԾԿ-ն էլ միտված է հանրության շահերին ծառայելու։ Այլ հարց է՝ որոշված գնով ծառայությունը կիրագործվի՞, թե՞ ոչ։ Եթե այս պարագայում դիտարկենք գազը, այստեղ «Գազպրոմ Արմենիան» կարող է ասել, որ ես այդ գնով չեմ իրացնելու, որովհետև վնասներ կկրեմ, այդ վնասները ո՞վ է փոխհատուցելու։ Ենթադրենք՝ որևէ ծառայության արժեքը 80 դրամ է, պետությունն այդ ծառայությունն իրականացնողին ասում է՝ պետք է 50 դրամով վաճառես, վաճառողը պատասխանում է՝ խնդիր չկա, բայց մնացած վնասները սակագնի իջեցման հետևանքով, որ կարող է կրել ընկերությունը, փոխհատուցելու է պետությունը։ Պայմանագիր կա յուրաքանչյուր ծառայության հետ և սկզբունքներ՝ ցանկացած ծառայություն մատուցելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Հարցին, թե նման դեպքում մատակարարող ընկերությունն ի՞նչ ծառայություններից կարող է հրաժարվել, զրուցակցը նկատում է՝ օրինակ՝ գյուղական համայնքներում գազ մատակարարելուց, սակագնի նվազեցումը կարող է հանգեցնել ծառայության որակի անկման և իրավիճակի որոշակի փոփոխության։

«Այստեղ էական է, թե դրա հիմքում ինչ հիմնավորումներ կան։ Հանձնաժողովը դրանք կհամարի՞ արժանահավատ։ Հանձնաժողովն է տիրապետում ողջ ինֆորմացիային և ներկայացված փաստաթղթի հիման վրա որոշումներ ու գնահատականներ տալիս։ Իրավիճակները կարող են տարբեր լինել։ ՀԾԿ-ն ի գիտություն է ընդունում այն գինը, որով գազը մտնում է Հայաստան, և, ըստ էության, կարգավորման առարկա է հանդիսանում կամ վերահսկում այն ծախսերը, որոնք կատարվում են սահմանից սպառողին գազը հասցնելու համար, դիտարկվում են, թե որքանով են հիմնավոր մեծածախ գնի վրա դրվող կամ սահմանից ՀՀ մտնող գազի գնի ավելացումները»,- նկատում է Քթոյանը։

Հարցին՝ ՀՀ-ի կողմից նման որոշումը նաև քաղաքական ենթատեքստ չի՞ ստանա, վերջինիս նշում է՝ սակագնի իջեցումը կապ չունի Ռուսաստանի որոշումների հետ, այսինքն՝ եթե ՀՀ-ն որոշում է գազի գինն իջեցնել, ՌԴ-ն չի կարող դժգոհել։ Քթոյանը պնդում է՝ այստեղ հարցն այն է, թե սակագինը, որը կսահմանի հանձնաժողովը, ընդունելի կլինի՞ գազը մատակարարող ընկերության համար:

«Միակողմանի չի լինում որոշումը։ Հաշվի պետք է առնել նաև մյուս կողմի կարծիքը։ Միևնույն ժամանակ ընկերությունը չի կարող չընդունել որոշված սակագինը, այսինքն՝ եթե ՀԾԿ-ն որոշում է, որ պետք է սակագինը նվազի, ընկերությունը ընդունում է, բայց որոշ սահմանափակումներով։ Գազի դեպքում, օրինակ, կարող է հրաժարվել պրոցեսների անվտանգությունից, մատակարարման անխափանելիությունից, ապահովումից։ Կարող է չերաշխավորել ծառայությունների ամբողջականությունն ու անվտանգությունը, հետևաբար միակողմանի որևէ որոշում կայացվել չի կարող»,- ասում է նա:

Արդյոք տարադրամի տատանողականությունը կապ ունի՞ սակագնի նվազման կամ բարձրացման հետ, Քթոյանն այստեղ ևս որոշակի բացառություններ է ընդգծում:

«Դոլարի արժեզրկումը կարող է ազդեցություն ունենալ այն առումով, որ ՀՀ-ն ձեռք է բերում գազը սահմանից արտարժույթով, բայց մի կողմից էլ այն հավելյալ ծախսերը, որոնք սակագնի մասն են կազմում, ՀՀ-ի ներսում մեծապես դրամային բաղադրիչ ունեն։ Եթե համարում ենք, որ դրամի արժեզրկման դեպքում սակագինը պետք է նվազի, ուրեմն հակառակն էլ պետք է լինի։ Հաշվարկների խնդիր է։ Եթե, օրինակ, աշխատավարձերը վճարվում են դրամով, բնականաբար, դոլարի արժևորումը որևէ դեր չի խաղում այստեղ, եթե շինարարություն է բերվում, որով գազաբաշխիչ ցանցի ընդլայնման աշխատանքներ են տարվում, այդ դեպքում դրամի արժևորումը դերակատարում է ունենում։ Դժվար է ասել նաև, եթե փոխարժեքը արժևորվի, ինչպես դա կանդրադառնա սակագնի վրա։ Հանձնաժողովը պետք է այդ հաշվարկներն իրականացնի»,- նկատում է Քթոյանը:

Գազի համար, ըստ Քթոյանի, ՀՀ-ն այժմ ՌԴ-ին վճարում է ռուբլով։ Երկար ժամանակ վճարումները արվել են դոլարով, սակայն Ռուսաստանը չի ցանկանում իր գործընկերոջ հարաբերություններին երրորդ անձի միջամտություն․ դոլարով վճարում կատարելու դեպքում ցանկացած գործարք իրականացվում է ԱՄՆ բանկի միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ