Նախարարություն եմ մտել, 2-ը մանիկյուռ էին քսում, 2-ը՝ «շարիկ գլորում»․ Բագրատյանը՝ Ֆինանսների նախարարին

Երկու օր առաջ նախարարություններից մեկում էի, բաժին էի մտել, որտեղ նստած է հինգ աշխատակից, որոնցից երկուսը մանիկյուռ էին քսում, մեկը՝ շարիկ է գլորում, մյուս երկուսն էլ նայում են քեզ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։

«Հիմա ես մտածում եմ՝ հետաքրքիր է այս աշխատանքն արդյունավե՞տ է։ Միգուցե այն երկուսը, որ նայում էին ինձ, իրենք անեն այդ հինգի գործը։ Կամ ավելի պրակտիկ օրինակ բերեմ։ Ես մարզպետ եմ աշխատել և գտնում եմ, որ հիմա մարզպետարաններում վարչություններ կան, որոնց աշխատանքը համայնքում կատարում են։ Նույն վարչությունը կա նաև համայքում։ Խոշորացրել ենք, համայնքային ծառայության ֆունկցիաներն ընդարձակել ենք։ Օրինակ, պայմանական ասած, քաղաքաշինության վարչությունը մարզպետարանում և քաղաքաշինության բաժինը համայնքում», — նշեց Բագրատյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի արդյունքում համայնքապետարաններում մարդիկ, որ պետք է մի փոքր գործ անեն, տանում են մարզպետարան, քաղաքաշինության վարչությունն անում է, բերում են իրենց քաղաքաշինության բաժին և նույն բանն անում։

«Ֆինանսների նախարարությունն ասում է ֆունկցիոնալ հնարավորություններ չկան, ես ընդունում եմ, բայց կարծում եմ, որ եթե մի բան տրամադրում ենք, դրա պատասխանատվության բաժինն էլ ունենք։ Ես արդեն 20 տարի է տեսնում եմ՝ ամեն տարի նույն բյուջեով այդ փողերը տալիս են մարզպետարանին։ Ժամանակը չի՞, որ հասկանանք՝ այդ ֆունկցիոնալ արդյունավետությունը որքանով է էս պահին համահունչ, չէ՞ որ փոփոխություններ են եղել», — ասաց նա։

Ինչպես մանրամասնեց պատգամավորը, այսօր աշխատանքային մի լուրջ հատվածը թվայնացված է, քաղաքացին կարող է դիմումները մեծամասամբ տնից ուղարկել, բայց ապարատն ու ֆունկցիոնալությունը նույնն են։

«Ընդունում եմ, որ դուք կարող եք չունենալ այդ կարողությունը, բայց կարող եք հուշել մեզ, որ միգուցե մենք մտածենք ստեղծել մի մարմին, որը կզբաղվի այդ աշխատանքով», — հավելեց նա։

Այս դիտարկմանն ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ֆինանսների նախարարությունն այդ աշխատանքով չի զբաղվում։

«Կարծում եմ, որ ամեն մարմնի ղեկավար ինքը պետք է մտածի, որ իր ղեկավարած գերատեսչությունում մարդիկ զբաղվեն աշխատանքով։ Ֆինանսների նախարարությունն այդ աշխատանքով չի զբաղվում, մենք ելնում ենք այդ ոլորտում քաղաքականություն իրականացնող որոշումներից, բայց բնականաբար մենք հարցեր տալիս ենք, որպեսզի վստահ լինենք, որ Ձեր ասած հանգամանքները հաշվի են առնված»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ