«Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ։ Եթե չկիսեի, այդ քաղաքական թիմում չէի լինի», — այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հարությունյանը հերքեց լրատվամիջոցներով տարածվող լուրը, թե կառավարությունում 120 էջից բաղկացած խաղաղության փաստաթուղթ կա՝ նշելով, որ նման բան գոյություն չունի. «Նաև տարածում են, թե իբր դրա համար վարչության պետ է հեռացվել։ Դա աբսուրդ է, սուտ, կեղծիք»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով անկլավների թեմային՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ տարբեր սցենարներ են քննարկվում, և այս պահին որևէ լուծում չկա, որի պատճառով պետք է անհանգստանալ։
Հարությունյանը ներկայացրեց նաև ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ նշելով, որ իրենց աշխատակազմում ծառայողական ավտոմեքենաների թիվը գնալով նվազում է՝ 2020 թվականին եղել է 84 մեքենա, այս պահին աշխատակազմում կա 40 մեքենա։
Անդրադառնալով պաշտոնյաների բնակարան ձեռք բերելուն՝ Հարությունյանն ասաց, որ հայտարարագրերում ամեն ինչ արտացոլված է, թե՛ իրենց աշխատավարձերը, թե՛ հիպոթեքը, որը վերցրել են բանկից, և իրենց թույլ տվել 2 տասնամյակ վճարումներ կատարելով՝ բնակարան ձեռք բերել։
Արայիկ Հարությունյանը դժվարացավ նշել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է խաղաղության պայմանագրի 4-րդ խմբագրված տարբերակին, թե՞ թե՞ ոչ։
Անդրադառնալով Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելուն, դրա ժամկետներին՝ Հարությունյանն ասաց, որ քննարկման փուլում է գործընթացը։ «Նորմալ է, եթե ունեն քաղաքացիներ և կա դրա բացման անհրաժեշտություն, նորմալ է», — նշեց նա։
Հարությունյանը գոհունակություն հայտնեց հնգակողմ հանդիպման կայացման առթիվ։ «Գիտեք, որ մենք անընդհատ խոսում ենք, որ այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել, միջնորդ պետությունները պետք է երաշխավոր հանդիսանան, որ դրանք կայանան, և Գերմանիայի և Ֆրանսիայի պես մեծ երկրների ներգրավումը էդ ֆորմատներում կարևոր է», — տեսակետ հայտնեց Հարությունյանը։
Նա նաև հավաստիացրեց, որ Արցախի հարցի շուրջ բանակցությունների բոլոր մանրամասները փոխանցվում են Արցախի իշխանություններին։ Մոլդովայի հանդիպումից հետո ևս նոր մանրամասներին Արցախի իշխանությունները կծանոթացվեն։