Երաշխավոր ընտրելիս ՀՀ-ն չի կրկնելու նույն սխալը, ինչ եղել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքման դեպքում

Բոլոր կենտրոնները, որտեղ տեղի են ունենում բանակցությունները, պատրաստակամություն են հայտնել խաղաղության պայմանագրի կնքման դեպքում լինել երաշխավոր։

Այս մասին այսօր ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա վստահություն հայտնեց, որ երաշխավոր ընտրելիս ՀՀ-ն չի կրկնելու նույն սխալը, ինչ եղել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքման դեպքում։

«Կարևոր է, որ դա լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի այն պայմանավորվածությունների պահպանմանը, որը ձեռք կբերվի։ Ես տեսնում եմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինձ չի բավարարում, վստահ եմ, որ ՀՀ ժողովրդին էլ չեն բավարարում թե՛ մեր գործընկերների հայտարարությունները, թե՛ պահվածքը։ Մենք փորձ ունենք արդեն և նույն սխալը չենք կրկնելու։ Ես որևիցե մեկին նկատի չունեմ, ես նկատի ունեմ, որ երաշխավորի մեխանիզմները պետք է հստակ ձևակերպված լինեն ու հասկանալի»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ՌԴ-ն պատրաստ են խաղաղության կնքման երաշխավոր լինել, բայց պետք է ընտրել ավելի պինդ մեխանիզմ․ «Մի երկիր կլինի, որովհետև մենք արդեն տեսել ենք Մինսկի խմբի համանախագահների տարբերակը․ մի քանի երկիր է լինում, ու իրար մեջ հակասությունը վատ դեր է խաղաղում, կամ մեկը մյուսի վրա «քցելով»՝ խուսափում են։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ որոշումները ընդունվում են ընդհանուր կերպով, միշտ չէ, որ գերիշխանությունն իր դերը խաղում է, նույնն այդ կառույցի հայտարարությունների ու գործողությունների դեպքում է, նույնը Հայաստանը հրաժարվեց ստորագրել իրեն ձեռք չտվող փաստաթուղթը։ Պետք է հստակ լինի, որ, օրինակ, եթե որոշել ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, բայց Ադրբեջանը գա ու անցակետ տեղադրի, դա աբսուրդ է»։

ԱԺ նախագահը նկատեց՝ ՀՀ-ն այս պարագայում չի կարող բանակցել Արցախի փոխարեն:

«Իրավունքները չեն բաժանվում լավ իրավունքի վատ կամ փոքր ու մեծ։ ՀՀ-ն չի կարող Արցախի բնակչության փոխարեն բանակցել։ Եթե նման խոսակցություններ կան, թե ՀՀ-ն Արցախի փոխարեն բանակցում է, ապա ինչո՞ւ ենք ուզում Արցախին բերել բանակցությունների սեղան, ինչո՞ւ ենք ուզում, որ Արցախը բանակցի։ Ուրեմն մենք նման բանի մասին չենք բանակցել։ Մենք նույն պտույտի մեջ ենք, և ինչ-որ պետություն պետք է երաշխիք հանդիսանա և ֆիքսի, որ եթե որոշեցին էթնիկ զտումներ անել կամ կրակել, ապա ինչ է անում մեր գործընկերը՝ կոչ է անո՞ւմ կողմերին զուսպ մնալ, որը ծիծաղելի է, ու զայրացնում է ոչ միայն ինձ, այլ բոլորին, թե ձև է անելու, որ ոչինչ չի կատարվում ու ղեկավարին է փոխելու, նոր գեներալի բերի: Դա արդեն փորձել ենք, չի աշխատում»,- կարծում է Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ