Եթե մենք ունենք միասնական տնտեսական դաշտ, ապա բոլոր գործոնները պետք է լինեն միասնական, այսինքն՝ գազի գինը Հայաստանում, Ղազախստանում ու Ռուսաստանում չպետք է շատ մեծ տարբերություն ունենան, բացառությամբ լոգիստիկ, կոմունիկացիոն խնդիրներով պայմանավորված գնային տատանումները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Անդրադառնալով նրան, որ դոլարի կտրուկ անկման պայմաններում գազի գները չեն իջնում, Աղազարյանն ասաց. «Դոլարը չի արժեզրկվել, դրամն է շատ ուժեղ արժևորվել: Սա ունի շատ դրական, բայց նաև բացասական ազդեցություններ: Սեփական արժույթի կտրուկ տատանումները միշտ էլ բերում են տնտեսության մեջ անհաշվարկելի, անկառավարելի պահերի: Այո, կարող է տրամաբանական հարց ծագել, թե ինչու քաղաքացու համար գազի գինը չի իջնում, որովհետև մենք դոլարով ենք վճարում: Խնդիրն այն է, որ մենք չգիտենք ինչ է լինելու 2-3 ամիս հետո, հետևաբար լոկալ ձևով գազի գինն իջեցնելը այնքան էլ տրամաբանական չէ: Ավելի տրամաբանական է, որ այս ժամանակաընթացքում այն խնայողությունները, որ առաջանում են դրամի արժևորման արդյունքում, հետագայում, երբ այս կամ այն առիթով կդիմեն ՀԾԿՀ-ին սակագների բարձրացման առաջարկով, Հանձնաժողովը կարող է ասել՝ դուք այսքան տարի արտոնյալ վիճակ եք ունեցել, հետևաբար, բարի եղեք տեղավորվել եղած սակագնի մեջ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: