«Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»՝ «պատվիրանը» աշխատակիցներին փոխանցած Արմեն Չարչյանը քաղաքական հետապնդում է համարում իր դեմ քրգործը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, տեղի ունեցավ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, որում ցուցմունք տվեց Արմեն Չարչանը։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան՝ Խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ, աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ վերջիններս պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։

«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության։ Հավատացեք ով չի գնացել ընտրության ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու իրենց նկատմամբ։ Էդպիսի արտահայտություն կա չէ՞, համարժեք պատասխան։ Պատասխանը խիստ անհամարժեք է լինելու, որովհետև էսօր դուք որոշում եք իմ երեխայի, իմ թոռան բախտը։ Դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես նաև ես եմ որոշում ձեր սերունդների ճակատագիրը… Ես հանձնարարել եմ նաև բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի գործընթացը ամսի 20-ին իրենք ստուգեն, հետևողական լինեն, մի քանի անգամ կարող է ձեզ զանգեն, մինչև դուք չգնաք ընտրությունների։ Սա քաղաքական միջոցառում չի, սա քաղաքացիական պարտքը կատարելու միջոցառում է»,-աշխատակիցներին սպառնացել էր Չարչյանը՝ շարունակելով․ «Շատ լավ գիտեմ, որ օրենք կա հիվանդանոցներում, դպրոցներում, մշակույթի օջախներում և այլն քարոզչություն կատարել չի թույլատրվում, քարոզչություն կատարողը պատժվում է և ես օրենքի առաջ միշտ եղել եմ պարզ։ Չնայած էնտեղ գումարը մեծ չի 200 հազար դրամ է, բայց անգամ 2 լումա վճարել չեմ ցանկանում, որովհետև դա ոչ թե գումարի խնդիր է այլ օրինապաշտության։ Ես իմ օրինապաշտությունը պահում եմ, մի ընկալեք սա որպես քարոզչություն։ Առաջին պարտադրանքս, հորդորս գնալ ընտրությունների, երկրորդը՝ մենք բոլորս աշխատում ենք Մայր Աթոռի պատկան կառույցում, հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին։ Մայր Աթոռի միանշանակ դիրքորոշումը սկսված դեկտեմբերից, պատերազմից հետո, Վեհափառ հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո երեք անգամ հաստատված, և վերջինը՝ մի շաբաթ, 10 օր առաջ էր։ Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է՝ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամեն ինչ և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ Մայր Աթոռի դիրքորոշումը։ Այսինքն՝ ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում գնացեք քվեարկեք սրան նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»։

Ձայնագրության հրապարակումից հետո ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով Նիստի ընթացքում ցուցմունք տալով Արմեն Չարչյանը իր հետ կապված գործը նմանեցրեց Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից» պատմվածքին և նշեց, որ 5 ամիս կալանավորվելուց, առողջությունը վնասելուց հետո երկար ժամանակ պահանջվեց կրկին վերականգնվելու համար։

Չարչյանն ընթերցեց քրեական գործում առկա ձայնագրության սղագրությունը, որտեղ նշված է, որ 4 դրվագում գրված բառերը չեն հասկացվում և հարցրեց․ «Ինչպե՞ս կարող եք դուք ինձ դատել ձեր կողմից չհասկացված բառերի համար։ Իսկ միգուցե դրանք այնպիսի բառեր են, որոնք սկզբունքորեն կարող էին փոխել իմ ելույթի ամբողջությունն ու բնույթը»։

Ըստ Արմեն Չարչյանի՝ վարույթը իրականացվել է շտապողականությամբ, որի արդյունքում ստացվել է փնթի և անփույթ աշխատանք։ Անդրադառնալով ժողովին, որի ձայնագրությունը տարածվել էր, Չարչյանն ասաց, որ ներկաները եկել են բացառապես իրենց կամքով, ինքն էլ ելույթում նշել է, որ ելույթ է ունենում ոչ որպես տնօրեն կամ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, այլ որպես Արմեն Չարչյան, որպես քրիստոնյա։

«Ես որպես բժշկական կենտրոնի տնօրեն միշտ, խստագույնս գործել եմ օրենքի շրջանակներում և երբեք պարտադրանքի գործիքակազմ չեմ կիրառել», — ասաց Արմեն Չարչյանը։

Վերջինս նշեց նաև, որ ձայնագրությունում այն հատվածը, որտեղ ասում է, թե ինքը կիմանա՝ մարդիկ մասնակցել են ընտրություններին, թե ոչ պայմանավորված է նրանով, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների տվյալները հրապարակվում են․ դա բաց աղբյուր է։ «Եթե դուք ինձ մեղադրում եք, որ ես կարող եմ ծանոթանալ ընտրությունների մասնակիցների տվյալներին, հարգելի դատախազ, ես դա դիտարկում եմ Ձեր կողմից իմ սահմանադրական իրավունքների ոտնահարում։ Բոլորս կարող ենք ծանոթանալ՝ այդ թվում նաև ես։ Ուրիշ հարց է իմ վերաբերմունքը ծանոթանալուց հետո։ Ասել եմ, որ կարող եմ ծանոթանալ։ Ասեմ, որ այսօր էլ կարող եմ, բայց չեմ անի», — ասաց Չարչյանը, ապա անդրադարձավ մեղադրանքի հաջորդ մասին, որտեղ ինքը, ձայնագրությունում ասել է, որ կան որոշակի սոցիալական մեխանիզմներ, որով հնարավոր է մեծ հավանականությամբ ճշտել, թե ով ինչ ընտրություն է կատարել։

«Հարգելի դատարան, խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ կողմից օգտագործված «հավանականություն» եզրույթին․․․ հարգելի դատարան, որևէ հարկադրանք, պարտադրանք, առավել ևս սպառնալիք չի եղել, և ես համոզված եմ, որ իմ աշխատակիցները ճիշտ են հասկացել և ընկալել իմ խոսքերը և նրանցից ոչ մեկի մոտ չի ձևավորվել վախի կամ հարկադրաբար գործողություն կատարելու ձգացողություն»։

Վերջում Արմեն Չարչյանը ուշադրություն հրավիրեց իր ելույթի վերջաբանին, որտեղ ասել է, որ ընտրություններից հետո, եթե անգամ ինքը ապացուցված իմանա, որ որևէ աշխատակից չի գնացել ընտրության կամ գնացել ու ընտրել է գործող իշխանությանը, միևնույնն է բացարձակապես որևէ հետևանք չի լինելու։

«Հարգելիներս, սրանով ամեն ինչ ասված է։ Սա իմ ելույթի եզրափակիչ խոսքն է, որն ամբողջությամբ ջախջախում է, զրոյացնում է, լուսանցք է նետում ելույթում մինչև էդ ասված և մեղադրողի կողմից իբրև մեղադրանք, ընդհանուր կոնտեքստից դուրս ներկայացված բոլոր թեզերը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ բոլոր՝ 49 հարցաքննված անձանց՝ ինչպես նաև դատարանում վկաների ցուցմունքները իմ ելույթից հարկադրանքի, ստիպողական գործողություններ կատարելու որևէ նշույլ չկա։ Իմ ելույթը կրել է տեղեկատվական բնույթ, քաղաքացիական պարտքը կատարելու կոչ։ Նշեմ նաև, որ նմանատիպ ելույթներ ես ունեցել եմ 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ, 2016 թվականին քառօրյա պատերազմի ժամանակ, 2017 թվականի ԱԺ տնտրությունների ժամանկ և 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ», — ասաց Արմեն Չարչյանը և հավելեց․ «Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական պատվեր, հաշվեհարդար տեսնելու քաղաքական հակառակորդների հետ»։

Արմեն Չարչյանը չցանկացավ այս դատական նիստի ընթացքում որևէ հարցի պատասխանել։ Դատական նիստը հետաձգվեց՝ գործով վկայի ներկայությունն ապահովելու, որն այսօր չէր ներկայացել դատական նիստին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ