Հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը, «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Կողմերը կքննարկեն ապաշրջափակումից հետո հայ-ադրբեջանական սահմանը հատելու կարգը:
«Հիմա խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, դրանք շատ կարևոր են, քանի որ վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգին, այն հարցին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը: Դա շատ կարևոր է»,- ասել է Օվերչուկը:
Նա նշել է, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ «նույն պատկերացումն ունեն, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը»։