Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանել է Մոլդովա:
Ըստ «Արմենպրես»-ի թղթակցի՝ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում հունիսի 1-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Վարչապետը նախորդ տարի ևս մասնակցել էր Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: