Վերջերս հրապարակված սոցհարցումների համաձայն՝ 2020 թվականի համեմատ Հանրային հեռուստաընկերության հանդեպ վստահությունը կրկնապատկվել է։
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Այդ ցուցանիշները միջազգային հանրապետական ինստիտուտն է հրապարկել։ Շատ հաճախ մենք տեսնում ենք քննադատություն, մարդիկ պետք է քննադատեն այն խնդիրները, որոնք տեսնում են, բայց մեզ համար դժվար է տպավորություններով կարծիք կազմել»,- ասաց նա։
Հարցին՝ Հ1-ի եթերում չկա՞ գրաքննություն, քանի որ խոսակցություններ կան, թե հեռուստաընկերությունը չի ցուցադրում ընդդիմադիրների ասուլիսներն ու ճեպազրույցները, Մովսիսյանը պատասխանեց․ «Այս պահին տեղյակ չեմ՝ ինչի մասին եք խոսում։ Շատ հաճախ ունենում ենք խնդիր խորհրդարանական ընդդիմությունից հյուր ունենալու։ Պատրաստ ենք նրանց հրավիրել եթեր։ Եթե մենք նման խնդիր ունենք հրապարակելու ընդդիմության ներկայացուցիչներին, ապա ինչո՞ւ պետք է հյուր հրավիրեինք նրանց»։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՌԴ-ի մեդիայի վերահսկող կառույցից զանգեր են լինում Հ1-ին, նշում, որ թե չպետք է հեռարձակվեն ՌԴ նախագահին քննադատող կարծիքներ, հեռուստաընկերության գործադիր տնօրենը սրանք համարեց զարմանալի։
«Ինձ համար դա աբսուրդ է, Հ1-ը ինչպես կարող է ինչ-որ տեղից զանգ ստանալ, կամ ասեն՝ ինչ պետք է անի։ Եթե ՀՀ կառավարությունից են զանգում, մենք խոսում ենք բյուջեի մասին։ Հանրայինից ակնկալիք ունեն բոլորը, որոնք հարկեր են վճարում։ Մենք փորձում ենք բարելավել յուրաքանչյուրի ակնկալիքները»,- նշեց նա։