Հանրային Հեռուստաընկերության գլխավոր ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Արամ Նիկոլյանը որոշ ժամանակ առաջ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը պետք է ուղղել պարոն Նիկոլյանին»,- նշեց նա:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ Ադրբեջանի դրոշն այրելու և միջազգային հարթակներում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու հաջորդ իսկ օրվանից Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է։
Մեր տեղեկություններով՝ նա չէր կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ։
Ինչպես հայտնի է, ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը՝ դրանով իսկ Ադրբեջանի համար ստեղծելով հիմքեր՝ շահարկումների ու միջազգային հարթակներում Հայաստանում կայանալիք առաջնությունները կասկածի տակ դնելու համար։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն Արամ Նիկոլյանը հեղինակել և կարել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը:
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ նշված աշխատանքների համար Նիկոլյանը 18,9 մլն դրամ գումար է ստանալու: