Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։
Հանդիպման ընթացքում կարևորվեց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողության շարունակական բարելավման անհրաժեշտությունը։ Նախարարը ներկայացրեց առկա իրավակարգավորումներն ու փաստացի իրավիճակը։
Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվեց առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։