Վարչական դատարանը մերժել է Էդգար Ղազարյանի՝ ԱԺ-ի դեմ ներկայացրած հայցադիմումի ընդունումը

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչական դատարանում վիճարկում էր Անահիտ Մանասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը և դատարանից պահանջում անվավեր ճանաչել այն։ Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ դատարանը մերժել է հայցադիմումի ընդունումը։ Դատարանն իր որոշումը պատճառաբանել է մի շարք հանգամանքներ վկայաբերելով եւ եզրակացրել՝ Ղազարյանի՝ դատարան ներկայացված պահանջը ընդդատյա չէ վարչական դատարանին։

«Դատարանը գտնում է, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ Ազգային ժողովի կողմից իրականացվող ընտրությունները, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, չեն կարող համարվել վարչարարություն և վարչական դատավարության կարգով դառնալ դատական վերահսկողության առարկա, քանի որ Ազգային ժողովը հանդիսանում է ներկայացուցչական մարմին, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունը, վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Հետևաբար Ազգային ժողովի գործառույթներն ուղղված են ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովի՝ որպես ներկայացուցչական մարմնի, լիազորությունների և գործառույթների կենսագործմանը»,-մասնավորապես նշված է դատարանի որոշման մեջ։

Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում։ Էդգար Ղազարյանը, հիշեցնենք, ԱԺ ընդդիմության կողմից առաջադրվել էր որպես ՄԻՊ միասնական թեկնածու։ ԱԺ մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հնչած իր ելույթում նախկին պաշտոնյան հայտարարել էր, թե Անահիտ Մանասյանի թեկնածության առաջադրումը ապօրինի է՝ հակասում է օրենքներին ու Սահմանադրությանը։ Մասնավորապես՝ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի՝ ՄԻՊ թեկնածուն պետք է լինի հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ, մինչդեռ Մանասյանի կենսագրությունը վկայում է, որ նա երբեւէ հասարակական, այդ թվում՝ իրավապաշտպան գործունեությամբ չի զբաղվել, հետեւապես չի կարող ունենալ հանրային հեղինակություն։

Տնտեսագետի մասնագիտությամբ Ղազարյանը, նկատենք, նույնպես երբեւէ իրավապաշտպան գործունեությամբ չի զբաղվել, եղել է մասնավորապես «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ Մարքեթինգի գծով տնօրեն, նույն ընկերության նախագահի խորհրդական Վայոց ձորի մարզպետ, Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ու, փաստորեն, իրեն համարում է ՄԻՊ թեկնածուին առաջադրված պահանջները բավարարող՝ հատկապես «հանրային հեղինակություն վայելելու մասով։ Հավանաբար նրան թվում է, որ իր պատկերացրած «հանրային հեղինակությունը» ձեռք են բերում օրվա իշխանություններին տարբեր հարթակներում վիրավորելով ու հայհոյելով։ Մի բան, որով արդեն տեւական ժամանակ զբաղված է «թղթերով» գործազուրկ ներկայացող Էդգար Ղազարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ