Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով։

Այս մասին հայտնել է հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով»,- իր էջում գրել է Նորիկյանը:

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:

Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:

ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ