Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց. Մհեր Գրիգորյան

Մոսկվայում՝ փոխվարչապետերի հանդիպմանը Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց, եթե կասկածի տակ առնվի Հայաստանի ինքնիշխանությունը ճանապարհի նկատմամբ, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտարարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տարածաշրջանային ապաշրջափակման հարցով Երևանի բանակցողը հենց նա է։

«Մենք անվերջ հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, չի քննարկվելու նման հարց: Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվեր եռակողմ հանդիպում և նորից այդ հարցը կբարձրացվեր, որովհետև առնվազն դա անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց», — ընդգծեց Գրիգորյանը:

Ալիևի հայտարարություններն ու վարչապետ Փաշինյանի մոսկովյան հակադարձումները արդյոք նշանակո՞ւմ են, որ Ադրբեջանը շարունակում է պահանջել «Զանգեզուրի միջանցք», ճշտող հարցին փոխվարչապետն արձագանքեց՝ նման քննարկումը բացառված է։ Անցած շաբաթ Մոսկվայում «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը բուռն բանավեճի առիթ տվեց: Վարչապետ Փաշինյանը դա որակեց որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

«Միջանցք, շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է, բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցք, ես կարծում եմ, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից, և մենք մշտապես այդ երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է: Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու նման հարց», — ասաց Մհեր Գրիգորյանը:

Այնուհանդերձ, փոխվարչապետի խոսքից պարզ է դառնում, որ ապաշրջափակման բանակցություններում չկա կոնսենսուս, որ ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի իրավազորության ներքո. — «Եթե մենք ֆիզիկապես ենթակառուցվածքների վերականգնման մասին ենք խոսում, շատ նախնական, տևողությունը կարող լինել մոտ 2-3 տարի, այսինքն վերականգնումը: Ո՞նց կընթանան բանակցությունները և ի՞նչ ժամկետներում կհաջողվի կոնսենսուս ունենալ, որպեսզի վերջնականապես ամրագրենք, որ խոսքը վերաբերում է ենթակառուցվածքներին, որոնք լինելու են Հայաստանի իրավազորության ներքո և լինելու են ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածքներ, այդ պահից սկսած, կարծում եմ, մնացյալ բոլոր քննարկումները տեխնիկական բնույթի են»:

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ անցած շաբաթվա հանդիպմանը հայտարարվեց, որ Մոսկվայում կհանդիպեն փոխվարչապետերը՝ քննարկելու տրանսպորտային ապաշրջափակումը։ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, որ այս պահի դրությամբ ծրագրում է գնալ նիստին, բայց կոնկրետ օր չնշեց, ասաց՝ հանդիպումն այս շաբաթ է նախատեսվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ