Ինչպես տեղեկանում ենք ԶԼՄ-ներից՝ այսօր Արարատի մարզի Խաչփար համայնքի միջնակարգ դպրոցում լարված իրավիճակ է ստեղծվել, դպրոցի բակում հավաքվել են գյուղի բնակիչներ, որոնց երեխաները սովորում են Խաչփարի դպրոցում, և պահանջել են, որպեսզի Արարատի մարզպետարանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատուները լսեն իրենց ձայնը և հանգուցալուծում տան դպրոցում տիրող իրավիճակին:
Բողոքի ակցիայի մասնակից ծնողները դժգոհում են, որ դպրոցի ուսմասվարը, որը շուրջ 17 տարի եղել է դպրոցի տնօրեն, հիմա նորից հայտ է ներկայացրել, որպեսզի մասնակցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, ինչի դեմ էլ հենց իրենք բողոքում են և սպառնում դպրոցից հանել իրենց երեխաներին։
Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանից։ Վերջինս պարզաբանեց, որ դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել դպրոցի փոխտնօրենին, դրանից հետո խնդիրներ են առաջացել, որոնք ուսումնասիրության փուլում են։
«Ընթացքում եղել են բողոքներ՝ ծնողների և ուսուցիչների կողմից, դրանից հետո դա զուգադիպեց դպրոցի հերթական աուդիտի ստուգման հետ, մենք այդ ուսումնասիրությունները դադարեցրել ենք, որպեսզի չխանգարենք մեկս մյուսին։ Ուսուցիչները, պաշտոնակատարը, որը դպրոցի նախկին ուսմասվարն է եղել, մեզ մոտ են եղել, բոլորին լսել ենք ու իրենց բարձրացրած բոլոր հարցերի մասին մենք տեղյակ ենք եղել, ընթացք ենք տվել։ Այսօր մեզ համար էլ է անհասկանալի, թե ինչու են բողոքի ակցիա անցկացնում»,-նշեց Մարտուն Մանուկյանը։
Խոսելով պաշտոնակատարի՝ դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար նշանակված մրցույցին մասնակցելու մասին, Մարտուն Մանուկյանն ասաց․ «Եթե մարդն ունի համապատասխան փաստաթղթեր՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար, մենք իրավունք չունենք թույլ չտալու։ Դա կարգավորվում է օրենքով։ Մենք բոլոր բարձրացված հարցերի հետևից գնացել ենք, ու որևէ խնդիր չկա»,-եզրափակեց վարչության պետը։