Ադրբեջանի նպատակների մեջ որևիցե կետ չկա՝ համատեղ ապրելու, իրականում նրանք ուզում են հայերից ազատվել՝ էթնիկ զտման ենթարկել Արցախը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։
«Երկուսուկես տարվա ընթացքում իրենց վարած քաղաքականությամբ բազմաթիվ անգամ սա ապացուցել են՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ բնակիչների բնականոն կյանքը միշտ վտանգված լինի՝ կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ, կոչեր են անում, որ մարդիկ պետք է լքեն իրենց բնակավայրերը, արդեն 6 ամիս է փակել են Լաչինի միջանցքը՝ ժողովրդին կանգնեցնելով առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռբերման խնդրի առաջ, դադարեցրել են գազամատակարարումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Հիմա, եթե այս ձևաչափով մենք պատկերացնում ենք Արցախն Ադրբեջանի կազմում՝ հասկանում ենք, որ հայերի գոյությունը որևէ կերպ հնարավոր չէ։ Ադրբեջանի կազմում հայերն ուղղակի դատապարտված են կամ մահվան կամ արտագաղթի»,-հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ միջազգային մեխանիզմների առկայության պայմաններում պետք է շարունակվեն Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները։ Բաքուն Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ վերջին երկխոսությունից հետո իր դիրքորոշումն արդեն մի քանի անգամ հայտնել է, որ բանակցությունները պետք է ընթանան ինտեգրման հարցի շուրջ։
Արցախի ԱԺ պատգամավորից հետաքրքրվեցինք՝ երկխոսությունը շարունակվելու պարագայում՝ ի՞նչ հարցերի շուրջ է Ստեփանակերտը բանակցելու։
«Խնդիրն այն է, որ Բաքուն համաձայն չէ որևէ միջազգային մեխանիզմների մասին խոսել և մշտապես փորձում է այս հարցը տեղափոխել իր ներքին խնդիրների շրջանակ, ինչը դատապարտված է անհաջողության, որովհետև մենք որևէ երաշխիք չենք ունենալու, որ Բաքուն իր ստանձնած պարտականությունը կկատարի»,-ասաց Արամ Հարությունյանն ու հավելեց, որ ինչ վերաբերում է Ստեփանակերտի պահանջին, թե Արցախի անվտանգության խորհրդի, թե ԱԺ հայտարարությամբ իրենք արդեն իսկ ընդգծել են, որ 1988թ․ նպատակից չեն շեղվելու, այսինքն՝ իրենց պահանջը ինքնորոշման իրավունքի իրացումն է։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների ժամկետի ավարտին, Արամ Հարությունյանը նշեց, որ համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ Ադրբեջանը համաձայնություն չի տա ժամկետը երկարաձգելու․ «Նախ մեր շահերից չի բխում հոռետեսական կանխատեսումները, և երկրորդ՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ գոնե այս եղած անվտանգության մեխանիզմը գործի, որովհետև փաստացի նույնիսկ խաղաղապահների առկայության դեպքում Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը և ահաբեկում է Արցախի հայ բնակչությանը։ Խաղաղապահների բացակայության պարագայում սա կկրկնապատկվի, կեռապատկվի և հնարավոր է, որ սանձազերծվեն լայնամասշտաբ գործողություններ։ Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս մեխանիզմը պահպանվի, բայց մյուս կողմից էլ լրացուցիչ անվտանգության մեխանիզմներ ստեղծվեն՝ կանխարգելման, դատապարտման։ Օրինակ ռուս խաղաղապահներն արձանագրում են, որ խնդիր կա, բայց սահմանափակ գործիքակազմ ունեն այդ խնդիրները վերացնելու համար»,-եզրափակեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջան՝ հայտարարել էր, թե հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին։