Երեկ ոստիկանությունը ձերբակալել է «օրենքով գող» Արսեն Երևանսկուն՝ Արսեն Մկրտչյանին։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Ռուսաստանում հարուցված քրեական գործի հիման վրա հայտարարվել է հետախուզում։ Նրան ձերբակալել են հանձնման նպատակով»,- ասաց նա և հավելեց, որ բողոքարկման արդյունքում ձերբակալման որոշումը արդեն վերացվել է։
Հարցին՝ ի՞նչ հիմքով է ազատ արձակվել, Էլբակյանը պատասխանեց․ «Արսեն Մկրտչյանը Հայաստանի քաղաքացի է, եւ երկրորդ՝ նա առնվազն երեք հիվանդություն ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ»։
Նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել 45-ամյա Արսեն Մ.-ն, որը ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 210.1-րդ հոդվածի մեղադրանքով: