Նախատեսվում է դեպի Կապանի օդանավակայան ևս մեկ թռիչք իրականացնել. Սանոսյան

Մոտ ժամանակներս դեպի Կապանի օդանավակայան 2-րդ թռիչքը կիրականացվի:

Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հիշեցնելով, որ առաջին թռիչք արդեն իրականացվել է:

«1 օդանավ կա, որը հիմա էլ է պատրաստ: Մենք 1 տեխնիկական թռիչք իրականացրել ենք, այդ ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ ենք նախանշել, հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Տեղեր կան՝ նավիգացիոն համակարգում է պետք բան փոխել, տեղ կա՝ ինչ-որ սարքավորում է պետք ավելացնել»,- ասել է Սանոսյանը՝ հայտնելով, որ առաջիկայում 2-րդ թռիչքն է նախատեսվում իրականացնել:

Ըստ նախարարի՝ հնարավոր է ինքնաթիռը Կապանում վայրէջք չկատարի, որովհետև այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են, օդանավակայանում չեն, մինչև օդանավակայան գոտում են, և հիմա 2-րդ թռիչքը կիրականացվի, որպեսզի տեսնեն, թե սարքավորումների տեղադրումից հետո խնդիրները վերացե՞լ են:

Գնել Սանոսյանը եզրափակել է, որ վերջնանպատակը կանոնավոր ուղևորափոխադրում ունենալն է:

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում բարեհաջող վայրէջք էր կատարել և Երևան վերադարձել L-410–UVP E20 օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար:

Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Այն, հիրավի, պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չէին իրականացվել, բացառությամբ՝ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ