Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները որսացել են ութ անօդաչու թռչող սարքեր, որոնցով Կիևը նախատեսում էր գրոհել Մոսկվայի թիրախները։
«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվայի օբյեկտների վրա: Հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք: Խոցվել են հակառակորդի բոլոր անօդաչու թռչող սարքերը», — ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ երեք անօդաչու թռչող սարքեր ճնշվել են, կորցրել կառավարումը և շեղվել նախատեսված թիրախներից։ Եվս հինգ անօդաչու թռչող սարք Մոսկվայի մարզում խոցվել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և հրազենային համակարգով։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ մայիսի 30-ի առավոտյան Մոսկվայում «ԱԹՍ-ի հարձակման արդյունքում մի քանի շենքերում աննշան վնաս է հասցվել»։ Երկու հոգի դիմել են բժշկական օգնության, ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել Մոսկվային մոտենալիս։
ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Մայիսի 30-ի առավոտյան միջադեպեր են տեղի ունեցել Մոսկվայի Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցի, ինչպես նաև Պրոֆսոյուզնայա փողոցի և Լենինսկի պողոտայի բնակելի շենքերում, ինչի հետևանքով վնասներ են հասցվել տներին»։
Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով՝ Մոսկվայի մարզում խոցված անօդաչու թռչող սարքերն ընկել են Կրասնոգորսկի, Օդինցովոյի և Իստրայի շրջաններում։