Մոսկվայի երկու բնակելի շենքերի վրա անօդաչու թռչող սարքեր են ընկել. մեկը Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում, ոչ ոք չի տուժել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Անօդաչու թռչող սարքը հարվածել է Պրոֆսոյուզնայա փողոցի 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել են տան ճակատն ու ապակեպատումը։ Տուժածներ չկան»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Նույն դեպքը տեղի է ունեցել Նովոմոսկովսկ վարչական շրջանի Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքում։
«Վերին հարկերի ճակատը և ապակեպատումը ավերվել են, տուժածներ չկան»,- հավելել է աղբյուրը։
Բացի այդ, Կրասնոգորսկում (Պավշինսկայա Պոյմա) պայթյունի նմանվող ձայն է լսվել՝ ամպրոպի ձայնինման:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կոչ է արել մարդկանց վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չտարածել չճշտված տեղեկատվություն։ Նա ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները դեպքի վայրում են, և անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածներ չկան։
Մոսկվայի հարավ-արևմտյան շրջանի պրեֆեկտուրայից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Պրոֆսոյուզնայայի տան երեք մուտքերի բնակիչները տարհանվել են։
Իր հերթին Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը տարածաշրջանում մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել։ Նա շրջանի բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել։
Տեսանյութ