Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցած մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում: Եզրափակչում Դավթյանը հավաքեց 14,799 միավոր, իսկ որակավորման փուլում նրա արդյունքը 14.555 միավոր էր: Այս մրցաշարում Դավթյանը բրոնզե մեդալներ էր նվաճել նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն էլ ոսկե մեդալ էր նվաճել օղակներ վարժությունում։ Փաստորեն, Հայաստանի երկու ներկայացուցիչները հեղինակավոր մրցաշարում Հայաստանի համար 4 մեդալ նվաճեցին։ Առանձնակի ուշադրության է արժանի Դավթյանի արդյունքը։ Հենացատկում հավասարը չունեցող մեր մարզիկը վերջին շրջանում հաջողություններ է գրանցում նաև այլ վարժություններում։ Այսօր կարող ենք փաստել, որ ի դեմս Արթուր Դավթյանի մենք ունենք 2024 թվականին Փարզիում կայալիք Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի իրական հավակնորդ։ Ընդամենը մեկ ամիս Դավթյանը հաղթող ոսկե մեդալ էր նվաճել նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում՝ վաստակել էր 15․166 միավոր զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Հայ մարմնամարզիկը, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, երկրորդ տարին անընդմեջ կարողացել էր նվաճել նաև բացարձակ հաղթողի կոչումը:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ դարձել էին մեդալակիրներ:Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, հանդես գալով նժույգթափեր վարժության եզրափակչում, հավաքել էր 14.733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.566 միավորով եզրափակել էր լավագույն եռյակը՝ արժանանալով բրոնզե մեդալի։Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը նվաճել էր նաև Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակչում նա 14,666 միավոր էր հավաքել և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Այս վարժության եզրափակչում հանդես էր եկել նաև Արթուր Դավթյանը՝ ցույց տալով 7-րդ արդյունքը: Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունները վարկանիշային են աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որտեղ մարզիկները պայքարելու են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Ինչևէ, այս տարվա ապրիլին մեր հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցելով Եվրոպայի առաջնությանը ևս փայլուն արդյունք էր գրանցել՝ հռչակվելով չեմպիոն։ Թուրքիայում Դավթյանը հենացակտում վաստակել էր 15․033 միավոր։
Եվրոպայի առաջնությունից հետո մեր մարմնամարզիկը գերազանցել է իր իսկ ցուցանիշը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ էին դարձել Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Ընդ որում աշխարհի գավաթի փուլերից վերջինը տեղի էր ունեցել Բաքվում, որին մեր հավաքականը հասկանալի պատճառով չէր մասնակցել։ Մասնակցության պարագայում մերոնց արդյունքները անհավանական բարձր կլինեին։ Ի դեպ, մեր մարզիկների մեդալներն ու մրցանակները Բաքվից գնացքով ուղարկվել էին Երևան։ Փուլերից մեկը բաց թողնելով աշխարհի բարցարձակ գավաթակիր դառնալն ընդունենք, որ ևս փայլուն արդյունք էր: Ինչևէ այս տարվա ապրիլի սկզբին տպավորիչ արդյունքում աչքի ընկան մեր երիրտասարդ մարմնամարզիկները։ Մասնավորապես, մեր Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում մասնակցել էր աշխարհի առաջնությանը և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել էր 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժության արդյունքներով արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով: