Հայկական կողմը պետք է ապացույցներ ներկայացնի Շառլ Միշելի գրասենյակին, որ 2 հայ զինծառայողները սահման չեն խախտել և առևանգվել են ՀՀ տարածքից. Ստեփան Սաֆարյան

Մենք առաջինը պետք է տեղեկատվություն տրամադրենք Շառլ Միշելի գրասենյակին, թե ինչպես է տեղի ունեցել առևանգումը, ապացույցներ, որ ըստ էության նրանք սահման չեն խախտել և ենթակա են վերադարձման: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների առևանգմանը:

Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի հետ ունենք պայմանավորվածություն, որ մոլորված անձինք պետք է վերադարձվեն: Նա նկատեց, որ Ալիևը վրդովված է իրենց սահմանախախտողների նկատմամբ քրեական գործից, որոնք կասկածվում են հայ քաղաքացու սպանության մեջ: «Այսինքն՝ փորձում են իրենց սահմանախախտներին և հանցագործության մեջ կասկածվողներին ներկայացնել որպես մոլորված անձինք,և քանի որ Հայաստանում իրավական գործընթաց է սկսվել, նույնը սիմետրիկ կրկնում են մեր երկու տղաների առնչությամբ՝ փորձելով ստեղծել հավասարություն, որպեսզի եթե անգամ դատապարտվեն՝ փոխանակվեն հավասարը հավասարի հետ կարգավիճակներով»,- ասաց նա:

Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց, որ Ալիևը տղաների նկատմամբ քննչական գործողություններ սկսելով՝ փորձում է տպավորություն ստեղծել միջազգային հանրության մոտ, որ մեր տղաները դիվերսանտներ են, այլ ոչ թե մոլորյալներ, հետևաբար նրանք ենթակա չեն վերադարձման այն սկզբունքներով, որոնց շուրջ Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվել են:

«Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է ապացույցներ ներկայացնի Շառլ Միշելի գրասենյակին, որ նրանք սահման չեն խախտել և առևանգվել են Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասաց Ստեփան Սաֆարյանը և նշեց, որ պետք է այդ ուղղությամբ աշխատեն: Նա նաև նշեց, որ միջազգային իրավական կոնվենցիաներով մենք պետք է բոլոր գործողությունները ձեռնարկենք, որպեսզի տղաների նկատմամբ խոշտանգումներ և դաժան վերաբերմունք չլինի և նրանք պաշտպանված լինեն միջազգային իրավունքով:

Քաղաքագետը նկատեց նաև, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում: «Ադրբեջանը կեղծ ուղերձներ է հղում միջազգային հանրության համար, թե իբրև ինքը շահագրգռված է: Ադրբեջանը ակնկալում է, որ ՀՀ-ն հետ կկանգնի և պատասխանատվությունը կընկնի Հայաստնաի վրա: Ադրբեջանին պետք է բանակցությունների ձախողում, որպեսզի արդարացնի Հայաստանի նկատմամբ կատարած իր գործողությունները և մտադրությունները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական դատարանն առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ