ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ»-ի մոտ թղթերի այրման դեպքով ու պարզաբանել

Ցեղասպանության թանգարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթը և կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ»-ի ղեկավարը, ինչպես նաև ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձինք և աշխատակիցներ։

Այս պահին վարույթով առկա տվյալներով՝ տեսանյութում երևացող թղթերը եղել են սևագրեր կամ թանգարանային առարկաներից կատարված պատկերների լուսանկարներ, որոնք օգտագործվում են տարբեր ժամանակավոր, շրջիկ ցուցադրությունների ընթացքում։

Վարույթի շրջանակում ստացված տվյալներով՝ շրջանառվող տեսանյութերում երևացող որևէ թանգարանային առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել, որևէ նման առարկա չի ոչնչացվել:

Նախաքննությունը շարունակվում է. անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ստացված տվյալները վարույթի շրջանակներում ստուգելու, անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։

Նշենք, որ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Ծիծեռնակաբերդի տարածքում այրվում են թղթեր։ Տեսանկարահանողը վրդովված կերպով նշում էր, որ ոչնչացվում են ցեղասպանության մասին կարևոր փաստաթղթեր, լուսանկարներ և նյութեր։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ