Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին

Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր, թե ադրբեջանական սահմանապահները «կասեցրել են Հայաստանի զինված ուժերի «դիվերսիոն խմբի՝ սահմանն ապօրինի հատելու փորձը»: Ըստ հաղորդագրության՝ իբր հայ զինծառայողները սահմանը «փորձել են հատել» Զանգելանի շրջանի տարածքով անցնող վայրում։

Պաշտոնական Բաքուն հայտնել է երկու հայ զինծառայողի ձերբակալելու մասին, իսկ մնացած դիվերսանտները իբր թե «դիմել են փախուստի»:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունն էլ նախօրեին երկու հաղորդագրություն տարածեց՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել:

Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ըստ հաղորդագրության՝ ընթանում են որոնողական աշխատանքներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշվում էր նաև, որ քննվում է դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

Երեկ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, որոնվող՝ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների շահագործած թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Կրկին անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների և Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած ապատեղեկատվությանն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել՝ ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքել է կեղծ տեղեկատվությունը:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը պնդում է, որ հայկական կողմն ունի բավարար ապացույցներ՝ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:

«Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թեև վերջերս Մոսկվայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ադրբեջանի նախագահի հրապարակայնորեն այն հավաստիացումներին, թե Ադրբեջանը պատրաստ է հասնել խաղաղության, փաստացի հայ երկու զինծառայողին առևանգելով՝ պաշտոնական Բաքուն հրահրում է հերթական սադրանքը, որին ակտիվորեն լծվել են ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես ցանկացած սադրանք իրականացնելուց առաջ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ՀՀ ներթափանցած իր դիվերսատների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին:

Հիշեցնենք, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանական դինվերսանտներից մեկը Հայաստանից «լայվ»-ով դիմել էր հետևորդներին՝ ասելով. «Մենք հայի արյուն ենք թափել: Մենք գլխատեցինք հայերին: Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, մեռած չենք։ Եթե նույնիսկ մեռնենք, թող մեզ գնահատեն»:

Այսպիսով՝ Ադրբեջանը ոտնահարում է նաև որոշ ժամանակ առաջ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպման համաձայնությունը՝ կապված երկու կողմում պահվող անձանց հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ