Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորված երեխաներն արյան կարիք չունեն: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բոլորի բուժումն ընթանում է սահմաված կարգով, բուժկենտրոնն այս պահին ունի անհրաժեշտ արյան խմբաքանակը՝ երեխաների բուժման պրոսեցն իրականացնելու համար: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Արյուն հանձնել ցանկացողները կարող են մոտենալ բուժկենտրոն և հանձնել, ինչպես արել են մինչև այս: Հավաքված արյան խմբաքանակները կօգտագործվեն դրա կարիքն ունեցող մյուս երեխաների բուժման համար:
Վթարից տուժած երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա է գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ։
Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե վիրավոր երեխաներն արյան կարիք ունեն:
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ են և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։