«Սրտի Տանիքներով» հաղորդաշարի ժամանակ երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է երգիչ-երգահան Հայկոյի հետ հարաբերությունների և նրա մահվան պատճառների մասին:
«Ես այս մասին հիվանդանոցում եմ իմացել, բայց ասեմ՝ եղել էր այսպես՝ իր կողքը կար կին, և այդ կինը որոշել էր, որ ինքը բժիշկ է: Ես չգիտեմ՝ հիմա իր խիղճը ո՞նց է հանգիստ, որովհետև ուներ ինչ-որ ընկերուհի, ով ինչ-որ մի բուժումով բուժել էր մի պացիենտի, ու իրենք կարծում էին, որ այդ մեթոդը կարա բոլորին համապատասխան լինի ու օգնի։ Հիվանդանոցում բոլորիս բժիշկն ասաց, որ շատ սխալ բուժման արդյունք է, ասացին՝ էնքան հորմոն են սրսկել Հայկոյին, ինչն ուղղակի արգելված էր այդ վիճակում, քանի որ թոքերի 85%-ն արդեն ախտահարված էր, երբ հիվանդանոց են տարել»,- պատմել է երգչուհին:
Շարունակելով՝ Անահիտ Սիմոնյանն ասել է. «Ու էդ կինը, լինելով իր ընկերների, շրջապատի մտերիմ մարդը, ոչ ոք էդ մասին չի խոսում, ու ես չեմ ուզում մեղադրել ինչ-որ մեկին, բայց ես Հայկոյի մահից հետո այնքան վրդովված էի, որ ուզում էի էդ աղջկան դատի տայի։ Հետո իմացա, որ դրա համար աճյունը պետք է հանեն, էդ միտքը մի կողմ դրեցի ու մտածեցի՝ թող Աստված դատավոր լինի իրեն և իր համախոհներին, ովքեր փակ են պահում էս ամեն ինչը»:
Ըստ Անահիտի՝ եթե Հայկոն սկզբից ճիշտ բուժում ստանար, այսպես չէր լինի. «Ես ու Հայկոն մինչև իր վերջին շունչը կապի մեջ ենք եղել։ Ինքը մենակ ինձ էր զանգում վիդեոյով, ու մենակ ես եմ մտել իր մոտ հիվանդասենյակ, ինչը շատ ցավոտ էր, քանի որ ինձ արդեն հազիվ էր ճանաչում»։