Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացի ժամկետը կերկարաձգվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունակական՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի թիվ 723-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։ Նախատեսվում է միջոցառումն իրականացնել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Ծրագրի մեկնարկի (2022 թվականի հուլիս ամսվա) համեմատ 2023 թվականի ապրիլ ամսին գործարքների թիվը ավելացել է 4.8 անգամ, ծավալները՝ 7.8 անգամ:

Հարկ է նշել, որ միջոցառման շահառուների թիվը 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 2023 թվականի ապրիլին՝ 107926 (նախորդ մասվա նկատմամբ աճը կազմել է 8%)։ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամատային հարկի) միջին ամսականը 2022 թվականին կազմել է 2915 դրամ, իսկ 2023 թվականի ապրիլին՝ 3281 դրամ:

2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 1.2 մլրդ դրամ (առանց եկամատային հարկի)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ