Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ցանկացած տեսակի աջակցություն տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին և հուսով է, որ Բաքվին ու Երևանին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը: Այդ մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվան օգնում է վիճելի հարցերի շուրջ փոխզիջումային հավասարակշռված լուծումներ գտնել, որոնք ձեռնտու կլինեն ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին»,- նշել է Գալուզինը, պնդել՝ Մոսկվայում օրերս կայացած բանակցությունները նպաստել են կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը, մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցմանը:
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններին համապատասխան: Նրա խոսքով՝ հենց այդ փաստաթղթերն են ընկած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում:
«Խաղաղության պայմանագրից բացի՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և հանրային շփումների զարգացման միջոցով վստահության ամրապնդումը»,- եզրափակել է պաշտոնյան: