ԿԽՄԿ-ն հետևում է իրավիճակին, սակայն քայլեր կարող է ձեռնարկել միայն պաշտոնական դիմում ստանալուց հետո։ Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` անդրադառնալով ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի առևանգմանը։
ՀՀ ՊՆ-ն գիշերը հայտնել էր, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Այսօր էլ հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։
«Մենք հետևում ենք իրավիճակին, սակայն մեր աշխատանքը մեր մանդատի շրջանակում կարող ենք կատարել միայն պաշտոնական կողմի հաստատման կամ ընտանիքի դիմումի հիման վրա»,-ասաց Ամատունին։
Ամատունին հավելեց, որ այս պահին նման դիմում չկա ո՛չ պաշտոնական կողմից, ո՛չ էլ զինվորների ընտանիքից։