Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող ավտոմեքենան. ՀՀ ՊՆ

Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:

Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:

Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ