Մայիսի 26-ին` ժամը 18:48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, Jeep մակնիշի ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով աշխատակից Է. Մ.-ն (ծնված 1981 թ․) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վնասվել է տեխսպասարկման կետի տանիքի մոտ 25 քմ հատվածը, մոտակա ավտոտեխսպասարկման կետի ապակիները (մոտ 4 քմ) և Jeep մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է. Մ.-ն հոսպիտալացվել է Երևանի Արմենիա ՀԲԿ: Փրկարարներն իրականացրել են տանիքի հովացման աշխատանքներ։