Վերջին դաս ու վերջին զանգ: 1710 աշակերտ այսօր Շիրակի մարզում հրաժեշտ տվեց դպրոցին ու հայացքն ուղղեց դեպի նոր նպատակակետ:
ՄԻՊ Անահիտ Մանասյանը ևս Գյումրիում էր և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ նա ևս մասնակցեց թիվ 23 դպրոցի վերջին դասի տոնական միջոցառմանը:
«Հուզմունքն այսօր շատ մեծ է։ Անչափ կարևոր ընտրության առջև եք կանգնած բոլորդ, խոսքը մասնագիտության ընտրության մասին է, հարկավոր է, որ այն լինի ճիշտ ընտրված և հոգեհարազատ, քանի որ դրանից է կախված ինչպես ձեր, այնպես էլ մեր երկրի ապագան:
Համոզված եմ՝ կդառնաք հայրենիքի համար պիտանի քաղաքացիներ, քանի որ ամուր հայրենիք պետք է ստեղծենք բոլորս միասին մեր անձնվեր ու ամենօրյա աշխատանքով։ Ձեզ բարի երթ սիրելիներս»,-ելույթի իր խոսքում շրջանավարտների դիմեց Մուշեղ Մուրադյանը։
Աշխարհում կա մի հարստություն, որը կարելի է ձեռք բերել և երբևէ չկորցնել՝ գիտելիքն է։ Կրթության շնորհիվ կարելի է հասնել ամեն ինչի։
Շրջանավարտներին այսպես ողջունեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Արեք հնարավորինը լիարժեք գիտելիք և որակյալ կրթություն ստանալու համար ու նաև պահեք ու պահպանեք մարդկային կարևորագույն արժեքները, եղեք բարի, կյանքին տվեք բարին ու այն ձեզ կվերադառնա»։
Այս տարի, սակայն, Շիրակի մարզի բոլոր դպրոցներում չէ, որ հնչեց վերջին դասի վերջին զանգը: Մարզի 8 համայնք՝ Ալվարը, Մեղրաշատը, Գառնառիճը, Զորակերտը, Բյուրակնը, Թավշուտը, Հովունին ու Լեռնուտը չունեին 12-րդ դասարանցիներ:
Շիրակի մարզի 11 դպրոց ուներ միայն երկու, 7 դպրոց՝ ընդամենը 1 շրջանավարտ:
2023-ին Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ տված 1710 շրջանավարտից 825-ը մարզային ենթակայության դպրոցների սաներն են։
Շիրակցի 57 աշակերտ ոսկե մեդալ ստանալու հայտ է ներկայացրել: