Հայաստանն իրավունք չունի երկրորդ անգամ պարտվել «պատերազմի կուսակցությանը»

1998-ի փետրվարի 3-ին հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «խաղաղության կուսակցությունը» Հայաստանում պարտվել է «պատերազմի կուսակցությանը»։

Դեռևս այն տարիներին շատերի համար հայտնի, կամ, գուցե անհայտ ուժերի ճնշմամբ հրաժարական ներկայացրած առաջին նախագահը՝ Ղարաբաղի հարցի լուծման փոխզիջումային տարբերակի կողմնակից էր։

Ղարաբաղի հարցի՝ Տեր-Պետրոսյանի փուլային լուծման տարբերակը ենթարդում էր, որ նախ, հայկական զինված ուժերը պետք է դուրս գային նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող շրջաններից, վերաբացվեին սահմանները, վերականգնվեին տնտեսական և տրանսպորտային կապերը, և միայն դրանից հետո պիտի որոշվեր Ղարաբաղի կարգավիճակը: Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Հայաստանն ու Արցախն առավելություն ունեին, ավելի քան երբևէ ուժեղ էին և պետք է օգտագործեին պահը` հակամարտությունն իրենց օգտին լուծելու համար: Այդ մոտեցումն անընդունելի էր Արցախի այն ժամանակվա ղեկավարության և Հայաստանի կառավարության որոշ անդամների` վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի համար, որոնք էլ Լևոն Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական ներկայացնել, իսկ արդեն 1999 թվականի հոկտեմբերի 27 ողբերգական դեպքերից հետո, երբ գլխատվեց պետությունը, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը լիակատար իշխանության հասավ։

Այս երկու գործիչներն իրենց 20 տարվա կառավարման տարիներին Հայաստանում քարոզում էին ոչմիթիզականություն, իսկ դրսում համաձայնվում էին Ադրբեջանին տարածքներ զիջել, ընդհուպ՝ նաև ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս երկու նախագահներն իրենց հակասական քայլերով դրսում շոյում էին միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության ականջները, իսկ ներսում՝ այլ խոսքերով՝ հերոսական կերպար էին ձևավորում, այդպիսով՝ տարեցտարի մոտեցնելով աղետալի պատերազմը։

Այդ 20 տարիների ընթացքում «ոչմիթիզականները» բանակցություններում Արցախի հարցի լուծման նշաձողն իջեցնում էին, փոխարենը բարձրացնում էին իրենց իշխանության, ֆինանսական կարողության նշաձողը։ Արցախի հարցը շահարկելով ամրապնդում էին, ոչ թե Հայաստանի ու Արցախի դիրքերը, այլ հզորացնում էին իրենց և մտերիմների անձնական կյանքը։

Այսօր այս ուժերը կրկին ակտիվացել են։ Ակտիվացել են, որովհետև Հայաստանի համար խաղաղության հասնելու հնարավարություն կա, իսկ խաղաղությունն այն գերանն է, որը «պատերազմի կուսակցության» համար փակելու է իշխանության գալու ճանապարհը։

Այսօր Հայաստանը չափազանց բարդ ճանապարհ է անցնում։ Սակայն, այդ ճանապարհը նաև 30 տարվա արնահոսությունը կանգնեցնելու, վերքերը բուժելու հնարավորության ճանապարհ է։ 30 տարվա պատերազմի զրկանքներն ու տառապանքները տեսած ժողովուրդը պետք է վերջապես ընտրություն կատարի՝ շարունակի՞ արնաքամ լինել սողացող պատերազմում, թե՞ փակի պատերազմի և բացի խաղաղության դուռը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ