Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի համոզմամբ՝ Մոսկվայում երեկ կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման և բանակցությունների արդյունքում որևէ լուրջ բան չի որոշվելու:
Ըստ նրա՝ Ռուսաստանը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ղեկավարների հետ քննարկել է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների պահանջների պահպանումը, որոնք, փաստացի, կատարում է միայն ՀՀ-ն:
«Մինչև այսօր ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Ադրբեջանը որևէ քայլ չեն արել իրենց պարտականությունների մասով։ Միայն ՀՀ-ից են եղել դրանց կատարումները և ակնկալիքները։ Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հետևողական կլինեն և այսուհետև իրենք էլ չեն կատարի փաստաթղթի պահանջները, որոնք անտեսում են մյուս երկու կողմերը։ ՌԴ-ում հանդիպում կազմակերպելով՝ Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ դուրս չի եկել բանակցային գործընթացից, խաղի մեջ է։ Սակայն փաստ է՝ բանակցային հիմնական մոդերատորը ԱՄՆ-ն է, իսկ Մոսկվան կամ Բրյուսելը կարող են միայն հանդիպումներ կազմակերպել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Այս համատեքստում վերջինս ճիշտ է համարում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի՝ երեկ Մինսկում կայացած ՀԱՊԿ ՊՆ նախարարների խորհրդի նիստին չմասնակցելը։
Զրուցակիցը, սակայն, նկատում է՝ սա ՀԱՊԿ-ից դուրս գալու նշան չէ ՀՀ-ի կողմից․ «Չեմ կարծում, որ սա նման քայլ է, ավելի շատ կիսաքայլ է։ Իմ կարծիքով՝ չի խոսում նրա մասին, որ մենք մոտ ապագայում դուրս կգանք կառույցից, այլ պարզապես քայլերից մեկն է, ինչպես նախկինում ՀԱՊԿ 30 հոգանոց դիտորդների ներկայությունը մեզ մոտ մերժեցինք, թույլ չտվեցինք մեր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել և այլն։ Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ն էլ այս քայլին չի արձագանքի»:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին։ «Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է նա:
Ստեփանյանը նաև կարծում է, որ Հայաստանը չպետք է արձագանքի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովայի հայտարարություններին, ինչը օրերս Ազգային ժողովում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ հայտնելով, թե չեն հասկանում Նիկոլ Փաշինյանի ասածները: Սրան ի պատասխան՝ ՀՀ կառավարության ղեկավարն արձագանքել էր՝ ասելով. «Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես»։
«Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարը չպետք է նման կերպ արձագանքեր Զախարովայի հայտարարություններին։ Զախարովան վաղուց կորցրել է դիվանագիտական իր որակները, եթե անգամ ունեցել է։ Նրա բոլոր հայտարարությունները դիվանագիտական տարրի մեջ չեն, այլ լկտի կնոջ հայտարարություններ են, և Երևանը նրան չպետք է արձագանքի։ Այս արձագանքը որևէ բան չի փոխելու ՀՀ-ի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ, քանի որ ՌԴ-ն այդ քաղաքականությունը գծել է դեռևս 2010 թվականից, երբ սկսել է դաշնակից երկրի շահերը վաճառել Թուրքիային և Ադրբեջանին ու դրա փոխարեն ստանալ քաղաքական դիվիդենդներ»,- կարծում է քաղաքագետը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի մեկ այլ հայտարարության, որը կրկին նա արել էր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, այն է՝ «նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր չէ, միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29 հազար 800 քառակուսի կիլոմետր չէ, այլ այնքան, ինչքան կորոշի՝ կախված, թե ՀԱՊԿ-ում այդ օրը ինչ տրամադրություն կտիրի»՝ Ստեփանյանն ասում է.
«Վարչապետի այս խոսքից կարելի է ենթադրել, որ եթե չճանաչենք Արցախը Ադրբեջանի կազմում, ինչպես նաև մեր տարածքում գտնվող անկլավները, ապա ՌԴ-ն կհրահրի հերթական ադրբեջանական հարձակումը, որի միջոցով Ադրբեջանը նոր տարածքներ կգրավի ՀՀ-ի ինքնիշխան ու սուվերեն տարածքից։ Սակայն մոտ ապագայում ես չեմ տեսնում պատերազմի որևէ նշույլ, քանի որ սկսված բանակցությունները կառուցողական դաշտում են»:
Ըստ նրա՝ խնդիր է միայն անկլավները փոխադարձ վերադարձնելու հարցը: Ստեփանյանի խոսքով՝ դրանք տալու որևէ հիմք չկա, իսկ Արցախը պետք է ճանաչել Ադրբեջանի կազմում այն պարագայում, երբ բանակցություններն ընթանան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և արցախահայերը շարունակեն ապրել Արցախում։