Երեկ՝ մայիսի 25-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ որովայնի շրջանում կտրող, ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի 1 Ա հասցեում գտնվող «Սալյուտ» միջոցառման սրահի բակից:
Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Ա.Խ.-ն է: Օպերատիվ աշխատանքների արդյունքում ոստիկանները պարզել են նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում Ա. Խ.-ին դանակահարելու համար որոնում են: Վերջինս Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Ս. Ա.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նաև արնանման հետքեր: