«Պետության վախճանը գալիս է այն ժամանակ, երբ կոռուպցիան ներթափանցում է պետական համակարգ և վերափոխում է պետական համակարգի գործունեության ամբողջ տրամաբանությունը»,- այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և հավելեց, որ հնարավոր չէ ունենալ հզոր բանակ, եթե բանակում առկա են կոռուպցիոն երևույթներ:
Նրա խոսքով՝ այսօր կանխորոշվում է ապագա 20 տարիների բարձրագույն դատական ատյանի տեսքը, ձևը, բովանդակությունը:
«Մեր որոշ գործընկերներ չեն ուզում խոսել ապօրինի գույքի մասին, կոռուպցիոն դրսևորումների մասին: Եթե կոռուպցիան դառնում է պետական համակարգի ամենամեծ հիվանդությունը, ապա այդ պետությունը երկար չի կարող գոյատևել, ցավոք»,- ասաց նա և հավելեց, որ հայրենասիրությունը ամենահարմար պատրվակն է խնդիրներից չխոսելու համար:
Վլադիմիր Վարդանյանը նշեց՝ ինչքան կարելի է մանիպուլացնել ինքնորոշման իրավունքը: