«Ես ուզում եմ մի-երկու դրվագ պատմել Աղազարյան Հովիկ-Աղվան Վարդանյան շփումներից»,- այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Երբ ես Դաշնակցության անդամ էի պարոն Աղվան Վարդանյանի հետ միասին, չեմ ասել, թե ընկերներ ենք եղել, բայց շփվել ենք. ես իր մասին շատ դրական կարծիքի էի՝ գրագետ, պատրաստված, միգուցե մի քիչ մեծամիտ, ինչն էլ երևի պայմանավորված էր իր ներքին կարողությունների ինքնագնահատականով, բայց դրանում որևէ սարսափելի բան չկա»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Այնուհետև նա էպիզոդ պատմեց 1998թ. Դաշնակցության Գերագույն ժողովից, որի ժամանակ ինքը, որպես նախագահող, պաշտպանել է Աղվան Վարդանյանին. «Դրանից հետո ամեն առավոտ ժողովը սկսելուց առաջ պարոն Աղվան Վարդանյանը գալիս և բոլորի ներկայությամբ ասում էր. «ողջույն, լուսավոր մարդ»: Անցան ժամանակներ, և հետո էլի հանգամանքների բերումով շփվում էինք: Եվ մի օր երբ ԱԺ դահլիճ պետք է մտնեինք, ես, որպես էթիկետը պահող մարդ, զիջեցի տեղը և ասացի՝ անցեք, ինքն ասաց՝ «միայն ձեր դիակի վրայով»: Հիմա էլ ասում է՝ «մի մարդ, որ չի հասկանում, թե ինչ է խոսում»: Հիմա, պարոն Աղվան Վարդանյան, ժամանակ է անցել, կյանք ենք ապրել, ի՞նչ տրանսֆորմացիա է տեղի ունեցել ձեզ մոտ: Ինձ մոտ, բացի էն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ տրանսֆորմացիաներ տեղի չեն ունեցել, իսկ ձեզ մոտ շատ տրանսֆորմացիաներ են եղել»:
Հովիկ Աղազարյանը երեկվա միջադեպի կապակցությամբ էլ ասաց, որ դա եղել է իր «բնական էլեմենտար» ռեակցիան:
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, պատգամավորը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկեց միանալ և Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը բերել օրակարգ, դուրս գալ փողոց, հավաքել ժողովրդին և ասել. «Խաբել են ձեզ, սիրելի ժողովուրդ, եկեք միանանք ու մեր հայրենիքը փրկենք, մի ասեք՝ թող վարչապետը հեռանա: Վարչապետը ինստիտուտ է, հո անձ չի, փառք Աստծու, էն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. ո՞ւր հեռանա»: