Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նրանց ներկայացուցչական խմբի կողմից ապրիլի 30-ին ներկայացվել է միջնորդություն՝ «Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»:
Այս մասին հայտնում է զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է և նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։
Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը.
Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։
Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցութունը։
Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։
Միաժամանակ, նշվում է, որ զոհերի ներկայացուցիչների հավաստի տեղեկություններով՝ սույն գործով մեղադրյալ զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհից վնասվածքներ ստացած կապիտան Եղիշե Հակոբյանը, որը նաև հրդեհի գործով մեղադրյալ է, ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից «Մուրացան» զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել մարտի 6-ին:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:
Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:
ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։