Պոլսահայ համայնքը դատի է տվել «հայի վիժվածք» ասած թուրք հոգևորականին

Պոլսահայ համայնքից փաստաբան Սիմոն Չեքեմը Ստամբուլի գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել Ստամբուլի մզկիթներից մեկում քարոզի ժամանակ «հայ վիժվածք» արտահայտությունն օգտագործած իմամի վերաբերյալ:

Պոլսահայ փաստաբանը դատախազությունից պահանջել է, որ իմամը պատժվի ժողովրդիի մեջ ատելություն ու թշնամանք հրահրելու, խտրականության, նվաստացման, վիրավորանքի և սպառնալիքի համար:

Սիմոն Չեքեմն իր միջնորդության մեջ ասել է. «Կասկածյալի կողմից հնչեցված այս խոսքերը հայ ազգության մասին, որի անդամն եմ ես, հասարակությանը դրդում են ատելության, խտրականության ու թշնամանքի։ Բացահայտ խտրականություն և ատելություն պարունակող բառերը ատելության խոսքի վրա հիմնված հանցագործություն են», հայտնում է Ermenihaber-ը:

Չեքեմը նաև նշել է, որ տեղի ունեցածը համապատասխանում է Թուրքիայի քր. օրենսգրքի 216/2 կետին և պատժվում է վեց ամսից մեկ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մուսուլմանական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։

Հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․ «Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ի պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչև վերջ լիցքավորված են։ Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա (մարտահրավեր նետելու իմաստով)։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։ 80 տարի է այս երկիրը ձեր ձեռքն ի՞նչ է քաշում, հայ վիժվածքների ձեռքն ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք»։

Տեսագրության հանրայնացումից հետո առաջացած աղմուկի ֆոնին Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։ Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ