ՀՅԴ-ականները մեկնել են ՌԴ, Պետդումայի պատգամավոր Միրոնովին գանգատվել Նիկոլ Փաշինյանից, գովել խաղաղապահներին, ռուս գործիչն էլ «պատռել է» Արևմուտքի դեմքն ու հուշումներ արել Ադրբեջանին

Մինչ ՀՀ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները խմբակային, մեկ մարդու պես անպատվում էին դատավոր Արմեն Դանիելյանին՝ հանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մուռը», երեսով էին տալիս դատավորի մասնագիտական անցյալն ու արանքում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ լեզվակռիվ ու քաշքշոց հրահրում, մինչ Գեղամ Մանուկյանը բացահայտում էր ԱԺ-ի «մետալաիսկատելը» շուռ տալու իր վաղեմի ցանկությունը, իսկ Իշխան Սաղաթելյանն այդ նույն ԱԺ-ն համարում «բեսեդկա», նրանց կուսակից ավագ ընկերները՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու Արմեն Ռուստամյանը մեր երկրի հարցով կարևոր «բեսեդաներ» էին վարում դաշնակից երկիր Ռուսաստանում ու գանգատվում ՀՀ ղեկավարից։

Հընթացս հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արմեն Դանիելյանի թեկնածությունը և ԱԺ-ում այսօր քննարկում էր այդ հարցով։ Դանիելյանի նկատմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կոլեկտիվ հակագրոհը, թերևս, ունի հիմնավոր պատճառ․ նա այն դատավորն է, որը մերժեց «Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավար, «Մարտի 1»-ի գործով ժամանակին ամբաստանված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու նախկին նախագահի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կիրառված կալանքը չվերացրեց, ինչի հետևանքով «հեռախոսային արդարադատության» ավանդույթներ ներդրած երկրորդ նախագահն ամիսներ շարունակ մնաց անազատության մեջ։

Ինչևէ։ ՀՅԴ ֆեյսբուքյան էջն ավետում է՝ պարոնայք դաշնակցականները հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ։ «Միրոնովը շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի համար՝ հիշեցնելով, որ ղեկավարած կուսակցությունն ու ՀՅԴ-ն վաղեմի բարեկամություն ունեն, և «առաջարկել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Երևանի պատրաստակամության մասին»։ ՌԴ Պետդումայի պատգամավոր ու փորձառու քաղաքական գործիչը, փաստորեն, վարչապետի հայտարարությունները, որոնք ամբողջ աշխարհին հասանելի էին ուղիղ եթերում, լսել ու լավ չի ընկալել, և կարիք է զգացել լրացուցիչ՝ «երկրորդ ձեռքից» ստացված պարզաբանման, Ռուստամյանն ու Տեր-Խաչատուրյանն էլ սիրահոժար կատարել են ռուսաստանցի իրենց բարեկամի ցանկությունը։ Հանդիպման մասին ՀՅԴ ֆեյսբուքյան էջում զետեղված անդրադարձում նշվում է․ «Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ Դաշնակցությունն այդ հարցում ոչ միայն չի աջակցում Հայաստանի գործող իշխանությանը, այլև կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու քաղաքականությանը։ ՀՅԴ ներկայացուցիչների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել ԼՂ բոլոր բնակիչների անունից»։

Ի դեպ, հայերեն տեքստին կից ներկայացված է Միրոնով-ՀՅԴ-ականներ հանդիպման մասին պատմող ռուսերենով մի կարճ ռեպորտաժ, որն ավելի պերճախոս է ներկայացնում քննարկված հարցերի շեշտադրումները։ Ըստ այդմ․ «Ըստ ընդդիմության՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը մի շարք հարցեր է ի հայտ բերում, մասնավորապես՝ ՀՀ անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը արգելում են միջազգային կամ ներպետական որևէ փաստաթուղթ դիտարկել, որտեղ Արցախը կհիշատակվի որպես Ադրբեջանի մաս։ Իհարկե, պարոն Փաշինյանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին ակնարկել է նաև ավելի վաղ, սակայն ներկայում նրա կողմից պաշտոնապես արված հայտարարությունները թելադրված են պրոարևմտյան տրամադրություններով՝ համոզված են ՀՅԴ անդամները»,- ասվում է ռեպորտաժում։

Ստացվում է՝ պարոնայք դաշնակցականները Ռուսաստան են այցելել ՀՀ իշխանությունների դեմ զրպարտագիր ներկայացնելու՝ ռուսներին տեղյակ պահելու, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը թելադրված է Արևմուտքի կողմից և, փաստորեն, հակասում է խաղաղության պայմանագրի Պուտինի «կոնցեպտին»։ Այն Պուտինի, որը, ի դեպ, դեռ 44-օրյա պատերազմից հետո է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է։

Իր հերթին Սերգեյ Միրոնովը հնչեցրել է ռուսական հայտնի նարատիվները, որոնք օրուգիշեր թութակում են ՀՀ-ում ռուսական հետաքրքրությունները ներկայացնող՝ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ։ Թե՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղ է Արևմուտքի ձեռքում»։ «Մեզ համար կարևոր է, որ կա հստակ գիտակցում, որ Արևմուտքի շահը այստեղ՝ Կովկասում, ՌԴ-ի հետ կոնֆլիկտի ևս մեկ հարթակ ստեղծելն է։ Մեծ հաշվով, Ադրբեջանում սա գուցե այնքան էլ լավ չեն հասկանում, Ադրբեջանի ազգային շահերը նրանց (Արևմուտքին) չեն հետաքրքրում, նրանց պետք է մի հարթակ, որպեսզի ոտնահարվեն ՌԴ-ի շահերը»,- նշել է Միրոնովը։ (ՀՅԴ ֆեյսբուքյան էջում, սակայն, Միրոնովի խոսքը փոքր-ինչ այլ բառապաշարով է ներկայացված, մասնավորապես՝ Ադրբեջանից բացի հիշատակված է նաև Հայաստանի անունը, որոնց «ազգային շահերը չեն հետաքրքրում Արևմուտքին»)։

Պետդումայի պատգամավորի այս ուշագրավ հայտարարությունը բացահայտում է ոչ միայն ՀՀ-ի շահերի մասին ՌԴ-ի պատկերացումները, այլև՝ Ադրբեջանի։ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը թեև ներկայացվում է որպես պրոարևմտյան դիրքորոշման արտահայտում, սակայն, ըստ Միրոնովի, փաստորեն, այդ դիրքորոշումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին։ «Ազգային շահերին հակասող» ասելով ռուսական կողմը ենթադրաբար նկատի ունի այն, որ Արևմուտքը, եթե անգամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքերից է հանդես գալիս, զուգահեռ նաև հանդես է գալիս որպես ջատագով Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության։ Այդ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմի առկայությամբ, որի ընթացքում էլ պետք է քննարկվեն Արցախի ժողովրդի իրավունքներն (այդ թվում՝ ինքնորոշման) ու անվտանգությունը, դեմ են Արցախի կարգավիճակն անորոշ ապագային թողնող «ռուսական պլանին», քանի որ եթե այդ երկխոսությունը տեղի ունենա միջազգային միջնորդությամբ, ապա հարցեր կարող են առաջանալ ռուսական խաղաղապահ զորակազմի՝ Արցախում մնալու նպատակահարմարության վերաբերյալ։ Ահա թե ինչու են ժամանակ առ ժամանակ ՌԴ մեկնող ՀՅԴ-ականները ջերմեռանդորեն քարկոծում ու ի տես ամենքի պատռում «արևմտյան առաջարկներ»-ը, վարչապետի վերջին հայտարարություններից հետո էլ՝ երկրում լարված մթնոլորտ գեներացնում։

Նկատենք, որ վերոհիշյալ ռեպորտաժի վերջում նշվում է նաև, որ «ՀՅԴ-ական գործիչները բարձր են գնահատել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը», մինչդեռ այս մասին ՀՅԴ ֆեյսբուքյան էջում զետեղված անդրադարձում հիշատակում չկա։

Նշենք, որ ՀՅԴ-ն և Միրոնովի գլխավորած կուսակցությունը համագործակցում են 2007-ից։ Արմեն Ռուստամյանը 2022-ի նոյեմբերի 29-ին էլ էր Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել Միրոնովին, «խոսել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, արծարծել Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգային հարցերի մտահոգիչ բաղադրիչները»։ Այս տարվա մարտին նույնպես ՀՅԴ-ն՝ ի դեմս Արմեն Ռուստամյանի, Իշխան Սաղաթելյանի, հանդիպել էին Միրոնովին։ ՀՅԴ ներկայացուցիչները մասնավորապես ընդգծել էին «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման անհրաժեշտությունը», նշել, որ «Լաչինի միջանցքի փակումից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է, և այժմ շատ կարևոր է ՌԴ-ի և ռուս խաղաղապահների դիրքորոշումը», և որ՝ «Արցախի ժողովուրդը Ռուսաստանի Դաշնությունից ակնկալում է ավելի ակտիվ գործողություններ»։ Մի խոսքով, ՀՅԴ-ն հոգում է, որ ռուսաստանյան իր գործընկերները ներհայաստանյան ու ներարցախյան իրավիճակին վերաբերող ինֆորմացիայի պակասություն չունենան։

Ի դեպ, Միրոնովը, որը եղել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահը, 44-օրյա պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 29-ին, առաջիններից էր, որ շրջանառեց Արցախ խաղաղապահ զորք մտցնելու ՌԴ մտադրությունը։ «Հրադադարից ու սպառազինությունների հետքաշումից հետո Լեռնային Ղարաբաղ կարող են բերվել ռուս խաղաղապահներ։ Իմ անունից ավելացնեմ, որ, ցավոք, տեսնում ենք, որ արտաքին ուժերը, այստեղ հեշտությամբ կարելի է կռահել, որ դրանք աբստրակտ ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ակնհայտ նպաստում են այս կոնֆլիկտի զարգացմանը։ Կարծում եմ, որ, հնարավոր է, երբ կողմերը կպայմանավորվեն հրադադարի մասին, հարկ կլինի կիրառել Ռուսաստանի խաղաղապահ ուժերը», – հայտնել էր Միրոնովը։

Ի դեպ, այդ օրերին ՀՀ-ում լուրջ դիմակայություն կար Արցախ խաղաղապահներ մտցնելու հարցով, սակայն զարգացումները տարան-հանգեցրին նրան, որ իրականություն դարձավ ՌԴ-ի «խաղաղապահ պլանը»։

Նշենք, որ 2014 թվականի մարտին Ս․ Միրոնովը ներառվել է Արևմուտքի կողմից պատժամիջոցներին ենթակա անձանց ցանկում՝ Ղրիմի ճգնաժամին իր ուղղակի կամ անուղղակի մասնակցության պատճառով։ Նույն տարվա հուլիսին արդեն՝ Դոնբասում հակամարտության բորբոքումից հետո Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ էր հարուցել ՌԴ գործչի նկատմամբ՝ զինյալ ապստամբներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կասկածով։ 2022 թ․ ապրիլին էլ հայտարարում էր, թե «պետք է ռմբակոծել Կիևը, այն վայրերը, որտեղ ընդունվում են որոշումներ», «վերացնել Զելենսկիին»։

Ի դեպ, կուսակցության օրերս տեղի ունեցած համագումարում Միրոնովն
առաջարկել է ՌԴ 2024 թ․ նախագահի ընտրություններում առաջադրել գործող նախագահ Պուտինի թեկնածությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ